Հոկտեմբերի 17-ին, 90 տարեկան հասակում վախճանվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը: Լուսանկարչի մահված պատճառ է դարձել սրտի կանգը:

Արա Գյուլերը լուսանկարչության ընկալման յուրահատուկ մոտեցում ուներ: Նա ասում էր, որ լուսանկարը պարտադիր չէ, որ արվեստի գործ լինի, սակայն այն պետք է արձանագրի յուրաքանչյուր պատմական փաստ:

«Լուսանկարի միջոցով դու գրավում ես պատմությունը, դու կանգնեցնում ես այն մեքենայի օգնությամբ»,- իր տված հարցազրույցներից մեկում շեշտել էր Արա Գյուլերը:

Ծնվել է Ստամբուլում՝ 1928-ին, հայերի ընտանիքում: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, հրատարակել է բազմաթիվ գրքեր: Նա լուսանկարել է Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալլասին, Ջոն Բերգերին, Բերնարդ Ռասսելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին, Ինդիրա Գանդիին, Սերգեյ Փարաջանովին և այլոց: Պարգևատրվել է ֆրանսիական Legion d’ honneur, 2005թ.` թուրքական Grand prize of culture and art, 2009թ.` Նյու Յորքի Lucie Award մրցանակներով:

Արա Գյուլերի լուսանկարչական աշխատանքների բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել միջազգային հաստատություններում, ինչպիսիք են Փարիզում Ֆրանսիայի ազգային գրադարանը և Շելդոնի հավաքածուն Նեբրասկայի համալսարանում, նաև Բոստոնի, Չիկագոյի և Նյու Յորքի մասնավոր հավաքածուներում: Նրա լուսանկարները ցուցադրված են Քյոլն քաղաքի «Լյուդվիգ» թանգարանում ևս: 2013-ի ամռանն Արա Գյուլերը Հայաստանում էր: Ազգային պատկերասրահում նրա «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացված էր աշխարհի տարբեր վայրերում արված մոտ 100 լուսանկար: Ցուցահանդեսը մշտական է: