Ախալքալաքում նախընտրական շրջանը թեժ է, կուսակցությունների ներկայացուցիչները պաստառներ են կպցնում քաղաքի և գյուղերի տարբեր հատվածներում։ Սակայն հաջորդ օրը նույն պաստառները հայտնվում են գետնին։

Իսկ այսօր բացի պաստառները ճղելուց, կամ թեկնածուների նկարները ներկելուց, «Ուժը միասնության մեջ է» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական պաստառների վրա ռուսերենով, կարմիր տառերով գրված է “КГБ”:

Այս ամենի մասին իր մեկնաբանությունն է տալիս «Ուժը միասնության մեջ է» կուսակցության Ախալքալաքի և Նինոծմինդայի նախընտրական շտաբի ղեկավար Աշոտ Ռաիսյանը։

«Միայն Ախալքալաքում չէ, որ այդպես է, պրովոկացիա է, իշխող կուսակցության կողմից, N48-ի կողմից։ Մենք դա տեսել ենք և միտումնավոր ենք թողել, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ միակ ընդդիմադիր կուսակցության դեմ կատարվում է այսպիսի պրովոկացիոն քայլեր, սակայն մենք պատրաստվում ենք նորերը փակցնել», – ասաց Աշոտ Ռաիսյանը։

Գայանե Ակոջյան