Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում արդեն 60 տարի շարունակ աշխատում է Բելլա Գուլանյանը։ Մանկաբույժը Ախալքալաքի ամենատարեց բժշկուհին է: Տատիկ-պապիկները, ում ժամանակին բուժել է բժշկուհի Բելլան, մի փոքր խնդիրների դեպքում բերում են թոռնիկներին նրա մոտ։

«Փոքրուց սիրել եմ բժշկի մասնագիտությունը, սակայն ավելի շատ սիրել եմ մանկաբուժությունը։ Տեսնելով փոքր երեխաների տանջանքը, նրանց անխնամք վիճակը, երբ անգամ դեղորայքներ չկար, երբ բժշկությունը այսպես զարգացած չէր, որոշեցի դառնալ մանկաբույժ, որպեսզի օգնեմ երեխաներին», – ասում է Բելլա Գուլանյանը։

Բժշկուհու համար ամենամեծ տոնը դա իր երեխաներին առողջ տեսնելն է, նա ծնողների հետ մեկտեղ մեծ ուրախություն է ապրում, սակայն երբ երեխաները ծանր հիվանդ են լինում, նա ամեն ինչ անում է, որպեսզի նրանց դուրս հանի այդ վիճակից և հավասարաչափ տանջվում է նրանց հետ։

«Ես երբևէ չեմ բողոքել իմ աշխատանքից, ես պարտավոր եմ օգնել բոլոր երեխաներին, անգամ իմ կյանքի գնով։ Երեխաները և ծնողները իմ հարազատներն են։ Իմ խորհուրդն է բոլոր բժիշկներին, սիրել և նվիրվել իրենց աշխատանքին»,- ասում է բժշկուհին։

Բժշկուհին տարիների ընթացքում մեծ փորձ է ձեռք բերել։ Եթե նա երիտասարդ տարիներին օգտվել է տարբեր գրականությունից, հիմա արդեն հմտացել է այնքան, որ առանց օգնականների կարող է անել ամեն գործ։

Բժշկուհու թոռները և ծոռը ընտրել են տատիկի ուղղությունը, նրանք բոլորն էլ սովորում են բժշկական համալսարանում, Երևանում։ Ըստ նրա, իր թոռների ընտրությունը “հերոսի” արարք է, չնայած այն հանգամանքին, որ տեսել են իրենց տատիկի անքուն ու տանջալի գիշերները, միևնույնն է ընտրել են բժշկի մասնագիտությունը։

Բժշկուհին կաշխատի այնքան ժամանակ, ինչքան կարողանա։

«Ես ծնվել եմ մանկաբույժ, աշխատում եմ մանկաբույժ և կմահանամ մանկաբույժ»։

Նրա միակ երազանքն է բոլոր երեխաներին և նրանց ծնողներին տեսնել երջանիկ, ժպտացող հայացքներով։

Գայանե Ակոջյան