Երկու օր առաջ Jnews-ը գրել էր, որ Ախալքալաքում Շոթա Ռուսթավելու արձանի պատվանդանին փակցրել են նախընտրական պաստառներ, ինչը խախտում է: Այսօր արդեն պաստառները մաքրել են, սակայն հետքերը անջնջելի են:

Միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական պաստառները հայտնվել էին Շոթա Ռուսթավելու արձանի պատվանդանին: Մենք դիմել էինք Համաքաղաքացիական շարժում «Բազմազգ Վրաստան»-ին, որ ճշտեինք համարվում է դա արդյոք նախընտրական խախտում: Այնտեղից մեզ պատասխանել էին, որ իհարկե խախտում է, և նրանք դիմելու են Միջգերատեսչական հանձնաժողով, որպեսզի այդ խախտումը վերացվի:

Այսօր արձանին չկան Վաշաձեի նկարները, սակայն սոսինձն ու սպիտակ թուղթը մնացել են: Հեռվից նայելիս, ավելի գրավիչ ու նկատելի է՝ ոչ թե արձանը, այլ պաստառների հետքերը:

Վրաստանի ընտրական օրենսգիրքը սահմանում է նախընտրական շրջանում թույլատրելի և անթույլատրելի վայրերը գովազդային պաստառների համար: Եվ այսպես, Օրենսգրքի 2-րդ կետի, 46-րդ հոդվածով արգելվում է.

«Գրել/կախել քարոզ պարունակող նյութեր հավատքի շինություններին, մշակութային ժառանգություն հանդիսացող շենքերին ու հաստատություններին, պետական հաստատությունների, տեղական ինքնակառավարման, դատարանի, դատախազության, զինվորական ծառայությունների և ոստիկանության շենքերին, ինչպես նաև ճանապարհային նշանների վրա»:

Բացի դրանից, տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում և հաստատում են արդեն կոնկրետ այն վայրերը, որտեղ արգելվում է գովազդային պաստառներ փակցնել: Ախալքալաքի շրջանային ժողովի որոշումը քարոզչության համար արգելված վայրերի մասին հաստատվել է 2016 թվականի օգոստոսի 5-ին և այդ ժամանակվանից որոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել:

Աղունիկ Այվազյան