Նախընտրական պաստառներն Ախալքալաքում կարող են հայտնվել ամենաանհավանական վայրերում: Պարզվում է Վրաստանում նախագահական ընտրություններին «մասնակցում է» Շոթա Ռուսթավելին:
Միացյալ ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի նախընտրական պաստառները հայտնվել են Շոթա Ռուսթավելու արձանի պատվանդանին:
Վրաստանի ընտրական օրենսգիրքը սահմանում է նախընտրական շրջանում թույլատրելի և անթույլատրելի վայրերը գովազդային պաստառների համար: Եվ այսպես, Օրենսգրքի 2-րդ կետի, 46-րդ հոդվածով արգելվում է.
«Գրել/կախել քարոզ պարունակող նյութեր հավատքի շինություններին, մշակութային ժառանգություն հանդիսացող շենքերին ու հաստատություններին, պետական հաստատությունների, տեղական ինքնակառավարման, դատարանի, դատախազության, զինվորական ծառայությունների և ոստիկանության շենքերին, ինչպես նաև ճանապարհային նշանների վրա»:
Բացի դրանից, տեղական ինքնակառավարման մարմինները սահմանում և հաստատում են արդեն կոնկրետ այն վայրերը, որտեղ արգելվում է գովազդային պաստառներ փակցնել: Ախալքալաքի շրջանային ժողովի որոշումը քարոզչության համար արգելված վայրերի մասին հաստատվել է 2016 թվականի օգոստոսի 5-ին և այդ ժամանակվանից որոշումը որևէ փոփոխության չի ենթարկվել:
Այդ որոշման ցուցակում որպես արգելված վայր ներկայացված է մի շարք եկեղեցիներ, հուշարձաններ, սակայն Շոթա Ռուսթավելու և առհասարակ Ախալքալաքում առկա այլ հուշարձաններ նշված չեն:
Որպեսզի ճշտենք, թե նախընտրական քարոզչության խախտում հանդիսանում է թե ոչ Ռուսթավելու հուշարձանի պատվանդանին փակցված նախընտրական պաստառը, մենք դիմեցինք Համաքաղաքացիական շարժում «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ընտրությունների ծրագրերի համակարգող Իռմա Բասիլաշվիլիին:
«Դա իհարկե խախտում է, դա ոչ միայն օրենքի և կարգի խախտում է, այլ նաև հասարակության հանդեպ անհարգալից վերաբերմունք է: Մենք կդիմենք Միջգերատեսչական հանձնաժողովին, որը գործում է Արդարադատության նախարարության ներքո, որպեսզի նրանք համապատասխան արձագանք տան և հետևեն խախտման վերացմանը», – ասաց Իռմա Բասիլաշվիլին։
Աղունիկ Այվազյան