Ախալքալաքի պատանիները և երիտասարդները սպորտային մեծ ներուժ ունեն, որոշները միջազգային և աշխարհի առաջնություններում գրավում են առաջին հորիզոնականներ: Սակայն սպորտի զարգացման պայմանները Ախալքալաքում չեն կարող օգտագործել գոյություն ունեցող ներուժը:

Նաիր Մելիքյան

25 տարին չբոլորած Նաիր Մելիքյանը, ով Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր է, համոզված է, որ իր բոլոր հաղթանակները Աստծո շնորհիվ են, իսկ հաղթանակները քիչ չեն․ Վրաստանի քառակի, Հայաստանի յոթակի, Միջազգային առաջնությունների հնգակի, Ասիայի, Եվրոպայի երկակի, Կովկասի երկակի, Սամցխե-Ջավախքի քառակի չեմպիոն, Եվրոպայի առանջության բրոնզե մեդալակիր, 15 պետությունների մեջ գրավել է Թուրքիայի գավաթը և գրավել է Աշխարհի գավաթի գոտին։ Երիտասարդ տղան աչքի է ընկնում համեստ ու խոնարհ բնավորությամբ։ Կարատեն, բռնցքամարտը և քիկբոքսինգն են նրա սպորտային հաջողության արենաները, այսուհետ նպատակային կիզակետում միայն բռնցքամարտն է, աշխատում է օլիմպիական չեմպիոն դառնալ։
nair 1

Արտյոմ Յորդանյան

19 տարեկան մարզիկը չի սիրում խոսել, պատմել նվաճումների կամ իր մասին։ Ի տարբերություն սովորական կյանքի, որտեղ Արջ մականունով երիտասարդը զուսպ է ու չի արտահայտվում, ռինգում լրիվ հակառկն է, նրա յուրաքանչյուր հարված խոսող է ու նպատակային։ Վրաստանի հնգակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Միջազգային մրցումների բազմակի հաղթող, գրավել է Կլիչկո եղբայրների գոտին։ Երիտասարդ մարզիկի նպատակը Օլիմպիական չեմպիոն դառնալն է։

«Տատիկի թոշակը ավելի բարձր է, քան մարզիչի աշխատավարձը»

Մեր երկու հերոսն էլ մարզվում են Ախալքալաքի Մարզահամալիրում: Ախալքալաքում սպորտի զարգացման հիմնական կենտրոններն են Սպորտ դպրոցը և Մարզահամալիրը: Երկուսն էլ ֆինանսավորվում են տեղական բյուջեից և այլ հովանավորներ չունեն։ Երկու կառույցներում էլ մարզիչների աշխատավարձը չի գերազանցում 250 լարին։

«Նույնիսկ շաբաթ և կիրակի կատարում են տարբեր մարզումներ և սպորտային մրցումներ երեխաների ֆիզիկական և տեխնիկական պատրաստվածությունը բարձրացնելու համար։ Ու շատ մարզիչներ արդեն դժգոհություն են հայտնում աշխատավարձի հետ կապված ու արդեն կան մարդիկ, որոնք թողել են այս բնագավառը և աշխատում են ուրիշ տեղեր բարձր աշխատավարձով։ Եթե այս հարցը անուշադրության մատնվի ապա մոտ ապագայում աճող տեմպը հնարավոր է անկում ունենա», – մտահոգություն է հայտնում Մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը։

aghasi

Աշխատանք, որ պետք է շատ սիրել ու եկամուտ չպահանջել

Ախալքալաքում մարզիչ են աշխատում երիտասարդ, էնտուզիազմով լի մասնագետներ: Այն մարդիկ, ովքեր դեռ ընտանիք պահելու խնդիր չունեն: Մարզահամալիրը կորցրել է 2-3 մարզիչի, նրանք Ռուսաստան են գնացել արտագնա աշխատանքների:

Աղասի էլիզբարյանը ավարտել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Երևանում զբաղվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտով, այսօր վերադարձել է ու աշխատում է Ախալքալաքի մարզահամալիրում։ Նա կարծում է, որ այստեղ հնարավորություն կա պրոֆեսիոնալ աճի և զուգահեռ աշխատում է երեխաների հետ։ Երիտասարդ մարզիչը ներկայիս գործունեությունը պրոֆեսիոնալ աճ է համարում, ոչ թե վճարովի աշխատանք։

Մարզիչների աշխատավարձերը սահմանում են տեղական իշխանությունները, քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը ինքն էլ ուզում է, որ բոլորը ավելի բարձր վճարվեն, սակայն.
«Բայց ամեն տարի կա հատկացված բյուջե, որտեղ նշվում է աշխատավարձերի չափը։ Իհարկե, քիչ է, բայց ամեն ինչ իդեալական լինել չի կարող։ Դուք պետք է նկատեք, թե 10 տարիների ընթացքում, երբ ոչինչ չունեինք, ինչ ենք ստեղծել Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ ունենք և դա իհարկե նաև մարզիչների շնորհիվ է։ Ես կարծում եմ բոլոր ոլորտներում կունենայինք չեմպիոններ, եթե պրոֆեսիոնալ մարզիչներ լինեին։ Եթե ամեն ոլորտում էլ, Ռաֆայել Դարբինյանի, Նորայր Կրճացյանի և Ատոմ Էլիզբարյանի նմանները լինեն, հավատացեք աշխատավարձը մեծ դեր չի խաղա, նրանց սերն ու պրոֆեսիոնալիզմն են չեմպիոններ կոփում», – ասում է նա։

erekheq box

Ախալքալաքի ամենահին սպորտի կենտրոնը

1935-36 թթ Ախալքալաքում կազմավորվում են կամավորական սպորտային ակումբներ, ինչպես օրինակ «Իսկրա», «Բոլշևիկ»”, «Դինամո» թիմերը։ Դեռևս այդ կամավորական ակումբները աչքի են ընկել, ոչ միայն տեղական սպորտային կյանքում, այլ նաև Խորհրդային Վրաստանի հանրապետական մրցույթում Վոլեյբոլի թիմն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ պրոֆեսիոնալ մրցակիցների հետ պայքարում։ Սպորտային թիմերը հետզհետե ավելանում էին. Գեղարվեստական մարմնամարզություն, հոկեյ, ըմբշամարտ և այլ սպորտաձևեր: Դպրոցը հանրապետական մրցույթներում գրեթե միշտ առաջատար դիրքեր է գրավել, իսկ մանկապատանեկան սպորտ դպորցը պաշտոնապես բացվել է 1936-37թ.-ին։ Ախալքալաքի Սպորտ դպրոցի պատմությանը մանրամասն կարելի է ծանոթանալ սեղմելով հղումի վրա։ Իսկ ներկայի մասին ստորև․

դպրոց 1935 թվականին կառուցված շենքն այժմ էլ գործում է հանուն ախալքալաքցիների սպորտային դաստիարակության և կոփման

Այսօր դպրոցում գործում են հետևյալ ակումբները՝ ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, ըմբշամարտ, կարատե և ռեգբի։

Յուրաքանչյուր խմբում մոտավորապես 15-ից 20 սաներ են, բացառությամբ կարատեի, այս մարզաձևով հետաքրքրվողները շատ են։ Դպրոցում վերջերս տեղական բյուջեի միջոցներով կոսմետիկ վերանորոգում է իրականացվել, մաքուր ու հարմարավետ է տարածքը, սակայն դահլիճի ջեռուցման խնդիր կա։

Մարզիչները բողոքում են, որ ձմռանը հնարավոր չի լինում նորմալ պարապմունքներ իրականացնել, երեխաների առողջության հետ են խաղում։ Ախալքալաքի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը ասում է, որ ջեռուցման հարցը իրենց ուշադրության կենտրոնում է և մոտ ապագայում պարզ կլինի, թե ինչպես կկարգավորվի այդ խնդիրը, վերջինս կիսում է մարզիչների մտահոգությունը և հավատացնում, որ այդ խնդիրը իր լուծումը կգտնի։

regbi 2

Ֆուտբոլի պարապմունքերը քաղաքային մարզադաշտում, իսկ ռեգբիինը՝ Ախալքալաքի 5-րդ դպրոցին պատկանող տարածքում են իրականացվում։ Յուրաքանչյուր մարզաձև իր նվաճումներն ունի, սակայն այստեղ առավել հաղթանակներ ու միջազգային հարթություններում ներկայանալի ելույթներ են ունենում կարատեի մարզիկները։

կարատե

Սպորտ դպրոցում կարատեի մարզիչը Ռաֆայել Դարբինյանն է, ով երկար տարիներ զբաղվել է կարատեով։ Այս սպորտաձևը նրա համար եկամտի աղբյուր չի եղել, սակայն կարատեի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ կարողացել է մարզել աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների։ Ռաֆայել Դարբինյանը հիշում է, որտեղ ասես պարապմունքներ չի անցկացրել, սեփական տան նկուղում, դեղատանը և վերջապես նաև Սպորտ դպրոցում։ Աշխատանքը միշտ էլ արդյունքները տվել է, այսօր էլ ոչ թե իր ծավալած գործունեությունով, այլ չեմպիոն սաներով է հպարտանում։ 2016 թվականին Ախալքալաքը ճանաչվել է որպես կարատեի լավագույն տարածաշրջան Վրաստանի Կարատեի Ազգային ֆեդերացիայի ամենամյա պարգևատրման արարողության ժամանակ:

աքսան մեդալ

«Սպորտը աղջկա համար չէ» կարծրատիպը և դրա կոտրողը

Ախալքալաքի մարզասրահներում աղջիկները բացառություն են կազմում, կարատեի ակումբներում կհանդիպենք աղջիկների, որոնք խմբում միակն են։ Աննան (անունը փոխված է) բռնցքամարտի և թենիսի մարզումների է գնացել և չի շարունակել։ «Միակ աղջիկն էի խմբում, սկզբում անհարմարավետություն չէի էլ զգում, հետո երբ արդեն մարզասրահում սկսեցին որպես աղջկա ուշադրություն դարձնել, հասկացա որ ինչքան էլ սիրեմ սպորտը, չեմ կարողանա շարունակել», – ասում է նա։ Իսկ մյուս աղջիկը, ով ուզեցել է բռնցքամարտով զբաղվել, հնարավորություն չի ունեցել անգամ մարզասրահից ներս մտնելու, ընտանիքը թույլ չի տվել։ «Ինձ ասում էին, որ բոքսն աղջկա զբաղմունք չէ»:

Աքսաննան 14 տարեկան է, նա ջարդում է կարծրատիպերը, նրա համար կարատեն ապրելակերպ է և նպատակ։ Աղջիկը 7 տարրվա ընթացքում այնքան է նվիրվել կարատեին, որ հասցրել է դառնալ աշխարհի, Եվրոպայի, Վրաստանի չեմպիոն։ Աքսանան կարատե-դո-ի առաջին սև գոտին արդեն ունի, երազում է երկրորդ գոտին նվաճել և դառնալ մարզիչ։ Նրա համար մարզչի լավագույն օրինակը Ռաֆայել Դարբինյանն է, ով սովորեցրել է, որ բացի սիրելուց պետք է նաև ուժեղ կամք ունենաս կարատեում հաղթանակներ նվաճելու համար։ Աքսանան, չնայած իր փոքր տարիքին, պինդ կամքի տեր է և նվիրված է իր սպորտաձևին, ոչ մի պարապմունք բաց չի թողնում։ Աղջկա համար սկզբնական շրջանում դժվար է եղել կարատեի խմբում միակ աղջիկը լինել, իսկ հիմա արդեն ընտելացել է և ասում է, որ իրեն խմբում ազատ է զգում։ Իսկ քաղաքում աղջիկ-կարատեիստին արդեն շատերն են ճանաչում և հպարտանում։ «Սկզբում դժվար էր աղջիկ-կարատեիստ լինելը, իսկ աղջիկ-չեմպիոն լինելը շատ հաճելի է», – եզրակացնում է Աքսանան։

Ախալքալաքի Մարզահամալիրը

2006 թվականին Ախալքալաքում պետական աջակցությամբ հիմնվել է մարզահամալիրը:

Մարզահամալիրում ամեն տարի ավելացնում են մարզական գույքը մունիցիպալիտետի կողմից մարզահամալիրին հատկացված գումարով։ Բռնցքամարտի ֆեդերացիան նվիրել է Օլիմպիական ռինգ դեռև 2011 թվականին։ Ձմեռները մարզահամալիրը տաքացվում է և մարզումները չեն ընդհատվում:

Մարզահամալիրի բացման օրվանց սկսած հաճախել են երեխաներ․ սկզբից 30-ից 40 հոգի, տարեցտարի ավելանալով այսօր նրանց թիվը հասնում է արդեն 380-ից 400-ի։ Վրաստանի բռնցքամարտի հավաքականում տարբեր տարիքային խմբերում մարզահամալիրի 15 սաներ են ներառված: Այստեղ գործում են բռնցքամարտի, ըմբշամարտի և կարատեի խմբեր:

sport16

«Վերջին տարվա լավագույն մարզիկներից են Օթար Երանոսյանը՝ Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, աշխարհի մեդալակիր, մի շարք միջազգային մրցումների հաղթող, Գագիկ Պողոսյան՝ Եվրոպայի մեդալակիր, Արտյոմ Յորդանյան՝ Եվրոպայի մեդալակիր, Արտյուշ Գոմցյան, Արշակ և Աղասի Էլիզբարյաններ, Արմեն Գրիգորյան, Նաիր Մելիքյան, Ստեփան Շիրինյան, Սոս Չիվչյան, Արամ Խռիկյան, Յուրի Օհանջանյան, Գոռ Այվազյան ու էլի շատերը, որոնք հանդիսանում են Վրաստանի ու միջազգային մրցումների հաղթողներ։ Մեր նպատակն է 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր վերցնել, մասնակցել և հաղթել, դա սպորտի բարձր գագաթն է»,- ասում է Վրաստանի վաստակավոր մարզիչ, մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը։

Սպորտի զարգացումը գյուղերում
Քաղաքի մարզական կենտրոններ հաճախում են նաև երեխաներ մոտակա գյուղերից։ Մարզական կյանքը գյուղերում չի սահմանափակվում այդքանով, տարբեր գյուղերում մարզիչները խմբեր են ստեղծում և պարապմունքներ են իրականացնում և նրանց արդյունքները ևս նկատելի են։ Դիլիսկա գյուղում Նորայր Կրճացյանը սկզբնական շրջանում սեփական նախաձեռնությամբ հիմնել է ըմբշամարտի ակումբ։ Ժամանակի ընթացքում կարողացել է գյուղի հովանավորների և պետական միջոցներով հոգալ շենքային և գույքային խնդիրները և այսօր Դիլիսկայի մարզիկներից շատերը չեմպիոններ են և որևէ մրցաշարից առանց հաղթական մեդալների չեն վերադառնում։ Մաջադիա գյուղի կարատեի սաները՝ մարզիչ Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ, ևս աչքի են ընկնում իրենց նվաճումներով սպորտային ասպարեզում։ Բռնցքամարտի մարզումներ են անցկացվում նաև Վաչիան և Կարտիկամ գյուղերում։

@mbshamart1

Երբեմնի զարգացած, այսօր անուշադրության մատնված սպորտը

Դահուկավազքի համար պետական միջոցներով Արագվա գյուղում կառուցվել է կենտրոն, որտեղ ոչ միայն տեղացիները հնարավորություն ունեն սովորելու և մարզվելու, այլ նաև զբոսաշրջիկները։ Արագվայի դահուկավազքի կենտրոնում կազմակերպվում են շրջանային մրցաշարեր։ Կենտրոնի հիմնական սաները Արագվա գյուղի երիտասարդ բնակիչներն են։ Մարզիկների համար կարևոր է այլ քաղաքներում և երկրներում ևս մրցույթների մասնակցելը, սակայն նրանց հնարավորությունները սահմանափակ են։ Մի անգամ մասնակցել են Ծաղկաձորում ընթացող Համահայկակական օլիմպիական խաղերին և այդքանով սահմանափակվել է գյուղից դուրս գալը։ Քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովն ասում է, որ պասիվության պատճառը չիմացությունն է, որոշել են այս տարի ոչ թե մրցումներն անցկացնել միայն շրջանային մակարդակով, այլ դարձնել բաց մրցաշար, որին կմասնակցեն այլ քաղաքներից մարզիկներ ևս, այդպիսով ստեղծված ծանոթության շնորհիվ, հնարավորություն կլինի այլ քաղաքներում կազմակերպվող մրցույթների հրավեր ստանալ։

lija1

Սպորտը՝ մի ոլորտ է, որը երիտասարդության համար թե զբաղվածության, թե առողջ ապրելակերպի համար կարևոր բաղադրիչ է, Ախալքալաքում դրա զարգացման ներուժը մեծ է, սակայն դեռ մշակված չեն զարգացման ուղիները:

Սոնա Տոնականյան