Հոկտեմբերի 7-ին Թբիլիսիում ազգային փոքրամասնությունների և նախագահի թեկնածուների միջև տեղի ունեցավ հանդիպում։ Նախաագահի թեկնածուներից հանդիպմանը ներկայացան երկուսը՝ Դավիթ Բաքրաձեն և Շալվա Նաթելաշվիլին։ Իսկ երրորդ թեկնածուն՝ Դավիթ Ուսուփաշվիլին ինչ-ինչ պատճառներով հանդիպմանը չներկայացավ։

Հանդիպումը իրականացվեց քաղաքացիական շարժում «Բազմերանգ Վրաստան»-ի կողմից «Ազգային ներդրումը ժողովրդավարության համար» ֆոնդի ֆինանսավորմամբ։ Այն կազմակերպված էր Վրաստանի տարբեր շրջաններում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ հայերի և ադրբեջանցիների համար, Ախալքալքից, Նինոծմինդայից, Մառնեուլիից և Գարդաբանիից։

Առաջին հանդիպումը Դավիթ Բաքրաձեի հետ էր։ Նա ներկայացրեց ապագայի պլանները, խոսեց էթնիկ փոքրամասնությունների ակտիվության կարևորության մասին, հավելելով, որ եթե էթնիկ փոքրամասնությոնները մասնակցեն երկրի զարգացման գործընթացին, ավելի ուժեղ և զարգացած երկիր կունենանք։ Ըստ Բաքրաձեի երկրի նախագահը պետք է լինի երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանը։

Բաքրաձեի համար ազգային փոքրամասնությունների հիմնական խնդիրն այսօր պետական՝ վրաց լեզվի չիմացությունն է, քանի որ լեզվի իմացությունը խթան է հանդիսանում, որպեսզի երկու շրջանների՝ Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի բնակիչները մասնակցեն երկրում կատարվող կարևոր գործընթացներին և հենց այս խնդրի լուծումներից մեկը պետք է լինի նախագահի առաջին գործը։

“Շատ կարևոր է, որպեսզի մեր երիտասարդներն կրթություն ստանալու լիարժեք իրավունք ունենան։ Շրջաններում քարոզարշավի ընթացքում հանդիպում ունեցա երիտասարդների հետ և մենք քննարկեցինք երկրում և երկրից դուրս սովորող ուսանողների ֆինանսավորման հարցը։ Ինձ համար շատ կարևոր է այս հարցի լուծումը։ Մենք ունենք ծրագիր, որտեղ ներկայացված է, թե ինչպես հովանավորել 8000 ուսանողի։ Այսօր շատ մեծ խնդիր է այն, որ ֆինանսական խնդիրների պատճառով շատ ուսանողներ և ծնողներ չեն կարող վճարել ուսման համար”, – ասաց Դավիթ Բաքրաձեն։

Թեկնածուն ներկայիս սոցիալական կարևոր խնդիր աշխատազրկությունը և կրթության անհասանելիությունը համարեց, և կարևորեց այն փաստը, որ նախագահի գրասենյակում անպայման աշխատեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Jnews-ի հարցին թե՞ Բաքրաձեն, նախկինում լինելով “Միացյալ ազգային շարժման” լիդերներից մեկը, ովքեր վարել են կոպիտ քաղաքականություն ոչ միայն մեր շրջանում այլ նաև Քվոմո Քարթլիում, այդ ամենից հետո ինչպե՞ս Է բնակիչների համակրանքը շահելու։

“2012 թվականից հետո, ես երկար ժամանակ մտածում եմ, որ այն իշխանությունը, որը եղել է շատ հայտնի և շատ բան է արել այս երկրի համար, ինչ սխալներ է գործել, որ գերակշռել է ամեն բան։ Ինձ համար կարևոր է Ձեր հետ անկեղծ լինել։ Եղել են արդյո՞ք խնդիրներ, իհարկե եղել են, ես չեմ կարող դա թաքցնել, քանի որ դուք ինքներդ շատ լավ գիտեք դրա մասին, դրանով մենք մեզ կխափենք։ Այդ սխալները ներկայիս իշխանության հիմնական փաստարկն է, նրանք մեզ փորձում են վախեցնել մեր անցյալով և մեզ ոչ մի դրական բան չեն առաջարկում։ Դուք բոլորդ հիշում եք, թե ինչպես է եղել անցյալը և այսօր դուք պետք է ընտրություն կատարեք վատի և ամենավատի միջև, կարող է այսօրվա կյանքը վատ է, բայց եթե մենք չլինենք, կլինի ավելի վատ, որովհետև կվերադառնա անցյալը, այն մարդիկ, ում դուք չեք ուզենա տեսնել”, – ասաց Դավիթ Բաքրաձեն։

Երկրորդ թեկնածուն Շալվա Նաթելաշվիլին էր, ով իր խոսքը սկսեց “Թբիլիսոբայի” քաղաքի օրվա շնորհավորական խոսքերով։

natelashvili shalva

“Թբիլիսին եղել է և կլինի մեր երեք ազգերի քաղաքը, մեր, հայերի և ադրբեջանցիների, և մենք պետք է լինենք միասնական։ Մենք պետք է հաղթենք և պարտվենք միասին։ Սակայն հիմա պարտությունը մեր պլաններում չէ։ Ներկա պահին մեր երկիրը կառավարում է օլիգարխների էլիտան, ովքեր, այն ինչը հողի տակ ու հողի վրա են ամեն ինչ սեփականաշնհորում են, այն ամենը ինչը հնարավոր է սեփականաշնորհել։ Մենք բոլորս տուժվածներ ենք”, – ասաց Նաթելաշվիլին։

Նա նույնպես հիմնական խնդիրներից համարեց երկրում կրթություն ստանալու հնարավորությունները, օրինակ բերելով Գերմանիայի կրթական համակարգը, կարևորեց նաև կենսաթոշակի քանակը, ներկայինը համարելով քիչ։

Նաթելաշվիլին քարոզարշավ չի անցկացրել ոչ Սամցխե-Ջավախեթիում, ոչ էլ Քվեմո-Քարթլիում, և մեր հարցին թե պատրաստվում է նա այցելել այդ շրջաններ, նա պատասխանեց։

“Ո՛չ, ես չեմ պատրաստվում գնալ այդ շրջաններ, ինչ իմաստ կա գնալու, եթե այդ շրջաններում նախագահ կնտրեն տեղական իշխանությունների և Երևանի ցուցումով։ Ես ավելորդ տեղը չեմ ուզում անհանգստացնել Ախալքալաքի մեր քաղաքացիներին։ Ես անգամ չեմ կարողացել այդ շրջաններում իմ նախընտրական շտաբը բացել։ Քանի որ ով ինձ է միանում, իրեն կամ բարեկամներին աշխատանքից ազատում են: Ախալցիխեյում ունեի ներկայացուցիչ, ով իմ կուրսեցին էր, երեք օր հետո այլևս իմ հետ չէր”, – ասաց Շալվա Նաթելաշվիլին։

Կես կատակ կես լուրջ նա ավելացրեց, որ թեկնածություն դնելուց հետո ոչ դասարանցի ունի, ոչ էլ կուրսեցի։

Նաթելաշվիլին հիմնականում խոսեց և քննարկեց անցյալը, ինչպես նաև խոսեց իր մրցակիցների մասին։

Գայանե Ակոջյան