Այսօր նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նախընտրական քարոզարշավով գտնվում էր Ախալքալաքում: Ախալքալաքի մշակույթի տանը բնակչության հետ հանդիպման ավարտին փողոցում նրան մի խումբ էր սպասում, ովքեր գոռում էին «Դավաճաններ» և թեկնածուին դեմ էին արտահայտվում:
Zurabishvili
Անկախ թեկնածուին, ում աջակցում է կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը, Ախալքալաքում դիմավորեցին վարդերի մեծ ծաղկեփնջով, ծափահարություններով և աջակիցներով լի դահլիճով: Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի, խորհրդարանի պատգամավորների և տարածաշրջանի տեղական իշխանությունների ուղեկցությամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլին մտավ Ախալքալաքի մշակույթի տուն, որտեղ և տեղի ունեցավ բնակչության հետ հանդիպումը:
Zurabishvili 2
Մշակույթի տան նախասրահում դրված էր Շառլ Ազնավուրի լուսանկարը, որի տակ մոմեր էին վառվում, Սալոմե Զուրաբիշվիլին ևս մոմ վառեց և ծաղիկներ դրեց: Հետո բոլորը մտան դահլիճ, որը լեփ-լեցուն էր մարդկանցով:
Zurabishvili 5

Gia Volski
Հանդիպումը մեկնարկեց Սալոմե Զուրաբիշվիլու կենսագրության ներկայացմամբ, որին հաջորդեց Ջավախքից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր՝ Հենզել Մկոյանի, Վրաստանի խորհրդարանի փոխ-խոսնակ Գիա Վոլսկու և խորհրդարանի պատգամավոր Գեդևան Փոփխաձեի ողջույնի խոսքերը և կոչերը՝ այս թեկնածուի օգտին քվեարկելու համար: Վերջում ելույթով ներկայացավ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Նա կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել հայտնի շանսոնյե Շարլ Ազնավուրի հիշատակը: Ելույթ ունեցողներից բոլորը, ինչպես նաեւ թեկնածուն, հիմնականում խոսում էին օրենսդրության պատճառով կորցված քաղաքացիության մասին, որը արգելում էր միաժամանակ երկու քաղաքացիություն ունենալ:

Zurabishvili 4

«Եվրոպայից վերադառնալուց հետո, ես հետեւողաբար լուծել եմ երկքաղաքացիության հետ կապված հարցերը, քանի որ բոլոր քաղաքակիրթ երկրներն ունեն նմանօրինակ օրենսդրություն եւ այն գործում է: Վրաստանի օրենսդրության մեջ գոյություն ուներ մի հոդված, որը արգելում էր երկքաղաքացիությունը: Երկքաղաքացիության ձեռքբերումը Վրաստանի քաղաքացիությունից զրկելու հիմք էր հանդիսանում: Բացառություն էր այն, որ երկրի նախագահը կարող էր քաղաքացիություն ընձեռել: Ինչպես կամենում էին, այնպես էլ ընձեռում էին: Չեմ ուզում նշել նրա անունը իմ ելույթներում: Նա քաղաքացիություն է տվել այն թուրքերին, որոնք եկել էին Բաթումիում ապրելու եւ նախկինում Վրաստանի հետ ոչ մի կապ չունեին: Իսկ ներկայիս նախագահը հրաժարվում է քաղաքացիություն տալ՝ առանց պատճառների եւ չափանիշների բացատրության: Եվ այժմ խորհրդարանում մենք ընդունել ենք նոր սահմանադրություն եւ օրենք, որտեղ երկքաղաքացիության վերաբերյալ փոփոխություններ կան», – իր ելույթում ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Հենց որ Սալոմե Զուրաբիշվիլին ավարտեց իր ելույթը, Մշակույթի տան դիմաց, քաղաքի կենտրոնում ծագեց վեճ և ծեծկռտուք: Ամենուր ոստիկանություն էր կանգնած:

«Դավաճաններ, դավաճաններ, դավաճաններ են այս «Վրացական երազանքը», այս Սալոմե Զուրաբիշվիլին: Նա չի լինի իմ երկրի նախագահը», – բղավում էին միասնական ընդդիմության կողմնակիցները:

Zurabishvili 6

«Դուք կարծում եք, որ Զուրաբիշվիլին կարո՞ղ է լինել մեր երկրի նախագահը: Բոլորը 5-րդ համարի՝ Գրիգոլ Վաշաձեի կողմնակիցն են և սպասում են Միշա Սահակաշվիլիին: Ի՞նչու է այս դավաճանը եկել այստեղ, եթե նա մեղադրում է Վրաստանին պատերազմը սկսելու մեջ: Այն, ինչ նա արեց Զուրաբ Գամսախուրդիայի օրոք՝ դուք պետք է ընթերցեք եւ իմանաք: Բացարձակապես ոչ մի կուսակցության, ոչ մի կազմակերպության մեջ նա չի եղել», – ասում է Մեդեա Չոմախիձեն, ով նաեւ բողոքի ելույթ է ունեցել:

«Վրաստանին պատերազմը սկսելու համար մեղադրող այս կինը իրավունք չունի Վրաստանի նախագահ դառնալ: Սա մեր դիրքորոշումն է», – ասում է մեկ այլ ցուցարար , «Վրաստանի հայրենասերների դաշինքի» տարածաշրջանային գրասենյակի աշխատակից՝ Ռեմիկ Պողոսյանը:

Surabishvili

Սալոմե Զուրաբիշվիլին դուրս եկավ ոստիկանության ուղեկցությամբ, հավաքված լրագրողներին նա ասաց հետևյալը:

«Այն, որ այստեղ սպասում են այդ երկքաղաքացիությանը և լեզվի իմացությունը, և դա մեր պարտավորությունն է, որպեսզի հեշտացնենք լեզուն սովորելը, որպեսզի երբ հաջորդ անգամ գամ, ինձ հետ վրացերեն խոսեն և թարգմանիչների կարիք չլինի», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին:

Քրիստինա Մարաբյան