Նոր ուսումնական տարին Ազավրեթի դպրոցը դիմավորեց հին խնդիրներով: ԿԳ նախարարության դպրոցաշինության ծրագրով 200 000 լարի էր հատկացվել Ազավրեթի դպրոցի վերանորոգման համար, սակայն մինչ օրս գումարը Կրթության նախարարությունից քաղաքապետարանին չի փոխանցվել:

Ազավրեթ գյուղից ընտրված Շրջանային ժողովի պատգամավորը բարձրաձայնում է դպրոցում առկա խնդիրները: Եվ մտահոգություն է հայտնում դպրոցի հետաձգվող վերանորոգման պատճառով:

«Ուրեմն 203 000 հատկացրած էր, այստեղ եկավ ինֆրաստրուկտուրիայի տեղակալը, հանդիպում ունեցանք, մարդիկ ասացին, որ հաջորդ շաբաթ գումարը կփոխանցվի քաղաքապետարանի հաշվեհամարին: Ամիս ու կես է անցել, բայց սայլը տեղից չի շարժվել: Ստիպված մենք մեր տներից փայտ, սյուն ենք տարել ինչ-որ կերպ ամրացրել ենք, բայց դա հարցի լուծում չէ»,- ասաց Ժողովի պատգամավոր Սիփան Շիպակցյանը:

Ախալքալաքի քաղաքապետարանը նախնական քննարկման էր ներկայացրել վատ վիճակում գտնվող երեք դպրոց՝ Ազավրեթ, Մուրջախեթ և Բավրա գյուղերի: Ի վերջո որոշում է ընդունվել եղած գումարը առավել նպատակային օգտագործել և հատկացնել մի գյուղի դպրոցի հիմնանորոգմանը: Եվ այդպիսով իսպառ վերացնել մի գյուղի դպրոցի խնդիրը, և հերթականությամբ անցնել մնացած դպրոցներին: Հենց սկզբից այս երեք գյուղերի դպրոցն է ներկայացվել՝ ելնելով շենքերի վթարայնության աստիճանից:

«Քանի-որ աշակերտների թվաքանակը շատ էր, այդ պատճառով ընտրությունը կանգնեց Ազավրեթի դպրոցի վրա, բայց գումարը չեն փոխանցել: Նախագիծը ներկայացված է, ամեն ինչ կարգավորած, բայց գումարը չկա»,- ասաց Ախալքալաքի ենթակառուցվածքների ծառայության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը:

Ուսումնական տարին արդեն մեկնարկել է, սակայն Ազավրեթի դպրոցում այդպես էլ ոչ մի վերանորոգում պետության կողմից չի իրականացվել: Ճշտելու համար, թե ինչու չի հատկացվել դպրոցների վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 200 000 լարին զանգահարեցինք ԿԳ նախարարություն:

«Մեր աշխատակիցները 2017-ին էլ, այս տարի էլ եղել են Ազավրեթի դպրոցում: Տեղյակ ենք խնդրի մասին: Իսկ թե ինչու նախարարության կողմից նախատեսված գումարը չի փոխանցվել, ինչ անճշտություններ կան, ճշտեցեք Ախալքալաքի քաղաքապետարանից»,- պատասխանեցին Վրաստանի ԿԳ նախարարությունից:

Ախալքալաքի քաղաքապետը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ոչ մի խնդիր չկա կապված քաղաքապետարանի հետ:

«Դուք պատկերացնում եք, փողը փոխանցելը խնդիր կարող է ունենալ: Փողը ուղղակի չեն փոխանցել, ինչու՞, որովհետև ամբողջ պետության մակարդակով որոշեցին, որ այդ փողերը, միայն մերը չէր, բոլոր շրջաններին 200 000-ական լարի տվել էին, այս տարի այն նախագծերը որոնք պետք է տեղափոխվեին մեր մունիցիպալիտետներին, թողին նախարարությանը: Նախագիծը, ամեն ինչ, ինչ մեզանից է կախված, դեռ ապրիլ ամսվանից արել ենք»,- ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղի հանրային դպրոցի խնդիրների մասին կարող եք ծանոթանալ ներքևի հղումներում

Ծնողները անվտանգ դպրոց են պահանջում

Ազավրեթի դպրոցն ընդարձակման կարիք ունի

Ազավրեթում դասերն ընթանում են էքստրեմալ պայմաններում

Ազավրեթ գյուղի դպրոցի տանիքը փլվում է

Աղունիկ Այվազյան