Մեքենաների տեխզննումը հետզհետե դառնում է պարտադիր տարբեր ավտոմեքենաների համար, մինչև 2019 թվականի հունվարի 1-ը այդ գործընթացը պարտադիր կլինի արդեն բոլոր մեքենաների համար։ Ախալքալաքի վարորդները ստիպված Ախալցիխեում պետք է անցկացնեն այդ զննումը, քանի որ Ախալքալաքում համապատասխան կենտրոններ չկան:

2018 թվականի հունվարի 1-ից պարտադիր տեխզննում անցնելու պարտավորությունը սկզբում ուղևորատար (8 նստատեղից ավել) և բեռնատար (3.5 տոնից ավել) մեքենաներին էր տրված։ Այնուհետև երկրորդ փուլում տեխզննումը պարտադիր դարձավ պետական մարմինների, իրավաբանական անձանց պատկանող շարժիչային տրանսպորտային միջոցների համար։ Իսկ երրորդ փուլը նախատեսված է 3000 խորանարդ սանտիմետր կամ ավելի հզորության շարժիչ ունեցող մեքենաների համար, որոնք էլ տեխզննում պետք է անցնեն մինչև սյուն թվականի հոկտեմբերի 1-ը։ Մինչև 2018 թվականի ավարտը Վրաստանում յուրաքանչյուր ավտոմեքենա պետք է անցած լինի տեխզննում։

Թեթև ավտոմեքենաները տեխզննում անցնելու համար պետք է վճարեն 60 լարի, իսկ բեռնատար և ուղևորատար մեքենաները՝ 100 լարի։ Տրված ժամանակահատվածում եթե տեխզննում չանցնեն, ապա մեքենայի սեփականատերը կտուգանվի։

Ավտոմեքենաները տեխզննում կանցնեն ըստ մեքենաների գրանցման ամսի և օրվա, հատուկ գրաֆիկով, որն էլ համ հավելյալ ժամանակ կտրամադրի սեփականատերերին գրանցման համար պահանջվող փաստաթղրերը պատրաստելու համար, համ էլ հերթ չի առաջացնի։

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը ավտոմեքենաների տեխզննման գործընթացը դյուրացնելու համար ստեղծել է թեժ գիծ, 1484 հեռախոսահամարով օպերատորները կօգնեն, որպեսզի սեփականատերերը առցանց գրանցվեն և տեխզննման համար օր նշանակեն։ Թեժ գիծը աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 18:00-ն: Բացի այդ, ըստ գործակալության տվյալների, զանգերի կենտրոնը կաշխատի նաև սեպտեմբերի 29-30-ը (շաբաթ-կիրակի)` ժամը 10:00-ից 18:00-ն:

Տեղեկացված է թե՞ ոչ Ախալքալաքի բնակչությունը այս մասին, փորձեցինք ճշտել հարցման միջոցով։
Բնակչության մեծ մասը տեղյակ է, տեղեկատվություն ստացել են ինտերնետի միջոցով։ Սակայն նրանց բողոքը կայանում է նրանում, որ տեխզննում անցնելու համար կենտրոն Ախալքալաքում չկա, այլ պետք է հասնեն Ախալցիխե։

“Համ վճարում ենք տեխզննում անցնելու համար, համ էլ այստեղից Ախալցիխե ենք հասնում, սա ինչ բան է։ Օրը մի բան հնարում են, ու չեն էլ մտածում թե ինչպես պետք է գնանք հասնենք”, – ասաց Ախալքալաքի բնակիչ Արմենը, ով նույնպես մինչև հունվարի մեկը պետք է կատարի տեխզննում։

Թեժ գիծ զանգելով փորձեցինք պարզել, արդյոք Վրաստանի ո՞ր շրջաններում կա գրանցման կետ։

“Ամբողջ Վրաստանում գործում է 40-46 կենտրոն։ Ախալքալքի մեքենաների սեփականատերերը տեխզննում կարող են իրականացնել քաղաք Ախալցիխեում գտնվող կենտրոնում”, – ասաց թեժ գծի աշխատակիցը։

Կենտրոնները համապատասխան մարմիններից ստացել են հավաստագրում և կարող են կատարել յուրաքանչյուր տեսակի ավտոմեքենայի տեխզննում։

Գայանե Ակոջյան