Գումբուրդո գյուղի դպրոցում աշակերտները նորմալ դաս են անում, սակայն երկու օր է տնօրենը դպրոց չի գնացել: Ուսուցիչները ինքնակազմակերպվել են, որպեսզի աշակերտները ստեղծված իրավիճակում չտուժեն:

Արդեն երրորդ օրն է, ինչ Գումբուրդո գյուղի դպրոցում անհասկանալի վիճակ է, տնօրեն Արմեն Պոլորչյանը դպրոց չի գնացել: Սեպտեմբերի 24-ին դպրոցում դաս չեղավ, որովհետև գյուղացիները պահանջում էին տնօրենի հրաժարականը: Բնակիչները նրան մեղադրում են պաշտոնը չարաշահելու մեջ, իսկ տնօրենը չի ընդունում մեղադրանքները:

Գյուղում մտածում են, որ այլևս տնօրենը չի գա, սակայն վերջինս իր դպրոց չգնալու հանգամանքը բացատրում է հետևյալ կերպ.

«Հա, չեմ գնացել, դպրոցի գործերով եմ, ռեսուրս կենտրոնն էի, հենց նոր եմ դուրս եկել: Դպրոցի հետ կապված մի քանի հարցեր կան, աշխատանքի, տարիֆիկացիայի հետ կապված, հազար ու մի գործ կա դպրոցի հետ կապված: Կարևոր չէ, որ առավոտից իրիկուն տնօրենը դպրոցում նստած լինի: Ես մինչև գործերս չավարտեմ, դպրոց չեմ կարող գնալ», – ասաց դպրոցի տնօրեն Արմեն Պոլորչյանը:

Պարզելու համար, թե ի վերջո ինչ է կատարվում Գումբուրդոյի դպրոցում, նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում ստեղծված իրավիճակը կարգավորելու, զանգահարեցինք Վրաստանի Կրթության և գիտության նախարարություն:

«Եթե տնօրենի հանդեպ կան մեղադրանքներ, պետք է մարդիկ պաշտոնապես դիմեն տեղական ռեսուրս կենտրոն և իհարկե համապատասխան միջոցներ կձեռնարկվեն», – հայտնեցին ԿԳ նախարարության մամլո ծառայությունից:

Նախարարությունից հավելում են, որ ցանկացած հարցի, դժգոհության դեպքում՝ աշակերտ, ծնող, բնակիչ որևէ մեկը, եթե բողոք ունի տնօրենի նկատմամբ, պետք է պաշտոնական դիմում գրեն ռեսուրս կենտրոն:

Սակայն Jnews-ի հետ հեռախոսազրույցում Գումբուրդո (Կումուրդո) գյուղի լիազոր Արթուր Կուրղինյանը վստահեցրեց, որ իրենք գրավոր դիմում ներկայացրել են ԿԳ նախարարություն և անդորրագիր ունեն, ինչը հաստատում է, որ դիմումն ուղարկվել է:

«Մենք պաշտոնապես գրավոր դիմում գրել ենք նախարարություն: Խոսակցական բազմաթիվ անգամներ գնացել ասել ենք, ներկայացրել ենք իրավիճակը: Եթե չեմ սխալվում դիմումը սեպտեմբերի 14-ին ենք նախարարություն ուղարկել»,- ասաց Արթուր Կուրղինյանը:

Աղունիկ Այվազյան