Սեպտեմբերի 25-ին, երեկվա գումբուրդոցիների բողոքից հետո գյուղի դպրոցի տնօրենը դպրոց չի գնացել: Կարգուկանոնին ուսուցիչներն են հետևում և քննարկում, թե ո՞վ է ժամանակավոր փոխարինելու տնօրենին: Սակայն տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ շուտով դպրոցում կլինի և հրաժարականի դիմում չի գրել:

Այսօր առավոտից Գումբուրդո գյուղի դպրոցի տնօրենի աշխատասենյակի դուռը փակ է: Գյուղում մտածում են, որ Արմեն Պոլորչյաննը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Մեզ հետ հեռախոսազրույցում գյուղի լիազորը հավաստիացրեց, որ դպրոցում ամեն ինչ խաղաղ է և դասերն ընթանում են իրենց բնականոն հունով:

«Տնօրենն այսօր դպրոց չի եկել, ես չգիտեմ կգա թե՝ ոչ: Հիմա մենք ուսուցչանոցում նստած քննարկում ենք, որոշում, ով է ժամանակավոր կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու, մինչև տեսնենք ինչ է լինելու: Դպրոցում ամեն ինչ խաղաղ է, աշակերտները դասի են»,- ասաց Գումբուրդո գյուղի լիազոր Արթուր Կուրղինյանը:

Սակայն, դպրոցի տնօրենը մեզ վստահեցրեց, որ ինքը հրաժարականի դիմում չի գրել և շուտով դպրոցում կլինի:

«Ես ռեսուրս կենտրոնում եմ, եկել էի աշակերտներիս համար գիրք ստանալու: Հիմա արդեն գյուղ եմ գնում, հրաժարականի դիմում չեմ գրել»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գումբուրդո գյուղի դպրոցի տնօրեն Արմեն Պոլորչյանը:

Հավելենք, որ երեկ Գումբուրդոյում աշակերտները դաս չեն արել, որովհետև գյուղացիները պահանջում են տնօրենի հրաժարականը: Բնակիչները նրան մեղադրում են պաշտոնը չարաշահելու մեջ, իսկ տնօրենը չի ընդունում մեղադրանքները:

Աղունիկ Այվազյան