Ախալքալաքի շրջանում մասամբ սկսել են կարտոֆիլի բերքահավաքը, բայց կարտոֆիլ աճեցնողներն արդեն իսկ գոհ չեն մթերքի գնից:

Այս տարի կարտոֆիլի բերքահավաքը համեմատաբար վաղ սկսվեց, քանի որ մարդիկ փողի կարիք ունեին՝ ոմանց անհրաժեշտ էր նախապատրաստվել նոր ուսումնական տարվան, ոմանց էլ վարկերը փակելու ժամանակն էր եկել:

Սկզբում կարտոֆիլի գինը 70-80 թեթրի էր, և կարտոֆիլ աճեցնողներն գոհ էին: Սակայն արդեն գինը ընկել է և արժե 50-60 թեթրի: Նման գինը, ըստ կարտոֆիլագործների, չի փակում ծախսերը:

Անդրանիկ Անտոնյանը Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղից է: Նա ցանել է 7 հա կարտոֆիլի, որից 1 հա -ն արդեն քանդել է: Բերքատվությունը կազմում էր 250 ց / հա: Անդրանիկ Անտոնյանն ակնկալում է, որ այլ հողատարածքներից էլ կհավաքի այդքան: Ըստ նրա, սա շրջանում բերքատվության լավ ցուցանիշ է:

«Սկզբում վաճառեցի 65 թեթրիի, հետո գինն ընկավ մինչ 50 թեթրի: Եթե հաշվի առնենք իմ և ընտանիքի անդամներիս աշխատանքը, ապա մեկ կիլոգրամ կարտոֆիլը մեր վրա նստել է 50 թեթրի: Բայց ես համաձայն եմ, որ գինը մնա այս նույն մակարդակի վրա և չնվազի: Ներկայումս Թբիլիսիում 65 թեթրիով արդեն կա թուրքական կարտոֆիլը», – ասում է Անդրանիկ Անտոնյանը:

Չամդուրա գյուղից Մկրտիչ Աբելյանը ցանել է 10 հա կարտոֆիլ: Դեռ չի սկսել հավաքել և գոհ չէ կարտոֆիլի առկա գնից:

«Ես գոհ կլինեմ, եթե բերքատվությունը կազմի 200 տոննա, չնայած ես նոր սերմեր եմ ցանել: Ես 3 լարի վճարել եմ 1 կգ սերմի համար, չհաշված պարարտանյութը, դիզելային վառելիքը: Աշխատողներն այս տարի դաշտում մեկ օրվա համար պահանջում են 40-45 լարի, Ford- ը, որը բերում է և տանում աշխատողներին, պահանջում է ամեն օրվա համար 70 լարի: Ինձ համար գինը պետք է լինի 80 թեթրի, որ իմ ծախսերը փակի », – ասում է Մկրտիչ Աբելյանը:

Չամդուրա գյուղից Մարտին Մելքոնյանն ակնկալում է 300 ց բերքատվություն:

Այն գյուղերում, որտեղ կարկուտը չի փչացրել դաշտերը, ակնկալվում է, առավելագույնը 300 ց բերքատվություն: Իսկ այն գյուղերում, որտեղ կարկուտը վնասել է դաշտերը, ընդհանրապես բերք չկա, թեև ֆերմերները միջոցներ ձեռնարկել են դրանք վերականգնելու համար:

Արտակ Բարեկյանը Խոսպիո գյուղից է: Նա երկու տեղ է ցանել կարտոֆիլ: Այնտեղ, որտեղ կարկուտը վնասել է, ոչ մի բերք չկա, իսկ որտեղ կարկուտը չի վնասել լավ բերք է ստացվել:

«2,5 հեկտարի վրա ծախսել եմ 6 500 լարի, չհաշված սերմերը: 10 տոննա սերմ եմ գնել: Ես ակնկալում եմ 200 ց բերքատվություն, բայց եթե լինի 300 ց, ապա դա կփակի ծախսերը », – ասում է Արտակ Բարեկյանը:

Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի լայնածավալ բերքահավաքը չի սկսվել և գինը հստակ դեռ չի որոշված:

Շուշան Շիրինյան