Վրաստանի առողջապահության ոլորտում կան պետական ծրագրեր, որոնց միջոցով կիսով չափ կամ ամբողջական ֆինանսավորվում է տարբեր հիվանդությունների բուժումը։ Ախալքալաքում ոչ բոլորն են օգտվում այդ ծրագրերից, ոմանք չգիտեն դրանց մասին, ոմանք էլ չգիտեն ինչպես օգտվել:

Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղի բնակիչ Վաչագան Եղիազարյանը տարիներ շարունակ բողոքում է սրտի անբավարարությունից, տարվա ամեն եղանակին նա պարտադիր ստուգում պետք է անցնի։ Քանի որ Ախալքալաքում չկա համապատասխան մասնագետ, նա ստիպված է ամեն անգամ գնալ Թբիլիսի, սակայն սոցիալական ծանր պայմանները թույլ չեն տալիս նրան ամեն անգամ գնալ բուժման։ Վերջին անգամ նա ստուգմում է անցել մի քանի ամիս առաջ, սակայն չի կարողացել գնել բժշկի գրած դեղերը, քանի որ թանկ են եղել և այդքան գումար չի ունեցել։

Վաչագանը միայնակ ծնող է, նրա կինը մահացել է ավելի քան 5 տարի առաջ, մեծացնում է երկու երեխաներին։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է։ Պետության կողմից ստանում է օգնություն, երեխաները նույնպես թոշակ են ստանում, սակայն այդ գումարը չի բավականացնում նրանց։ Առավել դժվար է իրավիճակը ձմռանը, երբ գազի և լույսի փող ավելի շատ է պահանջվում։

Վաչագանը ֆիզիկական աշխատանք չի կարող անել, սրտի հիվանդությունը թույլ չի տալիս։ Երեխաներին դպրոց ուղարկելու համար նա պարտքով փող է վերցրել, հետո մի քանի ամսվա թոշակը առել է, որպեսզի կարողանա պարտքը տալ։ Անցած տարի Վաչագանի հավերը կզաքիսներն են տարել, այս տարի խոզ է պահում, որ ձմռանը երեխաները միս ուտեն։

eghiazaryanner

Վաչագանը անընդհատ հիվանդանոցներ է գնում, շփվում բժիշկների հետ, սակայն նա չգիտեր, որ կարող է օգտվել «Քրոնիկ հիվանդությունների բուժման դեղամիջոցներով ապահովման» ծրագրից, քանի որ սոցիալապես անապահով է և երկրորդ կարգի հաշմանդամ է։

«Ես չգիտեմ ինչ ծրագիր է, ես Թբիլիսի եմ գնում, մինչև չեմ մուծում 50 լարի չեն էլ ստուգում, բայց ոչ մեկ չի ասել, որ այդպիսի ծրագիր կա։ Մեր հիվանդանոցում էլ երկու անգամ եմ եղել, այստեղ էլ չեն ասել», – հավելեց Վաչագան Եղիազարյանը։

«Քրոնիկ հիվանդությունների բուժման դեղամիջոցներով ապահովման» ծրագիր

Տարիներ շարունակ գործող ծրագիրը, որը վերաբերում էր քրոնիկ հիվանդություն ունեցող միայն սոցիալապես անապահով անձանց անվճար դեղամիջոցների տրամադրմանը, սույն թվականի սեպտեմբերի 3-ից ընդլայնվեց, հիմա զեղչերից կարող են օգտվել նաև թոշակառուները և սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Ծրագրի նպատակն է որոշ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց ֆինանսական մատչելիության բարձրացման նպատակով դեղերի տրամադրում:

Քրոնիկ հիվանդությունների բուժման դեղամիջոցներով ապահովման համար նախագծից կարող են օգտվել՝ յուրաքանչյուր տարիքի սոցիալապես անապահով անձիք, որոնց ընտանիքի վարկանիշը մինչև 100 000 բալ է, կենսաթոշակառուները և սահմանափակ կարողությունների տեր անձիք։ Անապահով ընտանիքներից հիվանդները դեղորայքը կարող են ձեռք բերել սիմվոլիկ 1 լարիով, իսկ թոշակառուները և սահմանափակ հնարավորություններով մարդիկ՝ 50%-ից ավել զեղչով։

Ծրագիրն ընդգրկում է չորս հիվանդություն՝ սրտանոթային, թոքերի, վահանագեղձի և շաքարախտի 2-րդ կարգի (մինչև ինսուլինից կախվածություն) քրոնիկ հիվանդություններ։

Ախալքալաքում այս ծրագրից օգտվում են ընդամենը երկու մարդ, շաքարային դիաբետ ունեցող երկու հիվանդ։ Մարդիկ տեղյակ չեն գոյություն ունեցող ծրագրերից, կամ չեն ընկալում դրանք:

Մենք հարցում ենք անցկացրել Ախալքալաքի փողոցներում և հիվանդանոցի տարածքում, որպեսզի իմանանք թե մարդիկ ինչքանով են տեղյակ առողջապահական ծրագրերից:

Ընդհանուր առմամբ շրջանի բնակիչները ավելի տեղյակ են Համընդհանուր առողջապահության պահպանման ծրագրից, սակայն ավելի տեղյակ են տարեցները, քան երիտասարդները։

«Համընդհանուր առողջության պահպանման պետական առողջապահական» ծրագիր

Այս ծրագիրը մեկնարկել է 2013 թ. Փետրվարի 28-ից: Ծրագրի նպատակն է` ստեղծել առողջապահական ապահովագրություն` Վրաստանի բնակչությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, բժշկական ծառայությունների մատչելիությունն ապահովելու համար։ Ֆինանսավորումը կարող է լինել մասնակի կամ ամբողջական, անկախ նրանից, թե որ ապահովագրական ընկերությունն է ֆինանսավորում։

Համընդհանուր առողջության պահպանման ծրագրից ամբողջ Վրաստանում օգտվել է 2 172 913 քաղաքացի, որից 12 196 Ախալքալքից են։ Ախալքալաքում տարբեր տարիներում տարբեր քանակի օգտվող է եղել. 2013թ․՝ 656 մարդ, 2014թ․՝ 1533 մարդ, 2015թ․՝ 2533 մարդ, 2016թ․՝ 3568 մարդ, 2017թ․՝ 3917 մարդ, 2018թ.՝ 3044 օգտվող։

Համընդհանուր առողջապահական ծրագրից կարող են օգտվել՝ Վրաստանի և բռնազավթված տարածքների բնակիչները, Վրաստանի քաղաքացիություն  չունեցող փախստականի կամ մարդասիրական կարգավիճակ ունեցող և ապաստան հայցող անձիք, որոնց բժշկական ծառայությունները սահմանված են N1 հավելվածով, սոցիալապես անապահով ընտանիքի կարգավիճակ ունեցող անձիք, որոնց վարկանշային միավորը 70,000-ից մինչև 100 000 է, 6-ից 18 տարեկան պատանիները,  տարեկան 40,000 լարիից պակաս եկամուտ ունեցող անձիք, այն անձիք, որոնց տարեկան եկամուտը  40,000 լարիից ավել է, կարող են  օգտվել նախագծի հետևյալ բաղադրիչներից՝ ֆիզիկական ծննդաբերություն/կեսարյան հատում, բարձր ռիսկային հղիներին ծառայություն և մելոգինի ստացիոնար ծառայություն։

Ծրագրի կողմից մատուցվող ամբողջական ծառայությունով կօգտվեն կենսաթոշակառուները` անկախ նրանց եկամուտից և ապահովագրությունից և առողջապահական ապահովագրություն չունեցող պատերազմի և ռազմական ուժերի վետերանները։

«Շաքարախտի հսկողության» ծրագիր

Շաքարախտի համաշխարհային օրը այսօրվա դրությամբ նշում են 160 երկրում։ Այդ օրը հիմնվել է 1991 թվականին և նշվում է ամեն տարի նոյեմբերի 14-ին։

Շաքարախտի խնդիր ունեցողների քանակը նաև շատ է Վրաստանում, այդ իսկ պատճառով էլ ստեղծվել է հատուկ նախագիծ, որի նպատակն է շաքարային դիաբետով հիվանդների ամբուլատոր հսկողությունը և վիճակի բարելավումը, հնարավոր բարդությունների կանխարգելումը և կոնկրետ դեղորայքների տրամադրումը:

«Շաքարախտի կառավարման ծրագրով» Ախալքալաքում օգտվողների թիվը տարիների ընթացքում շատացել է։ 2011թ. – 5, 2012թ. – 8, 2013թ.- 5, 2014թ.- 4, 2015թ․– 9, 2016թ.– 8, 2017թ․– 9, 2018թ․- 9 շահառու։

«Գյուղական բժիշկ» ծրագիր

Ախալքալաքի շրջանի բնակչության մոտ 80% ապրում է գյուղերում, այստեղ «Գյուղական բժիշկ» ծրագիրը պետք է որ լինի առաջնայիններից: Սակայն այս ծրագիրը չի գործում Ախալքալքի շրջանի 4 գյուղում՝ Գոգաշեն, Կարծախ, Կաջո և Սուլդա, այս գյուղերում չկան բժիշկներ, բուժքույրերն են տրամադրում բժշկական ծառայություն: Իսկ մնացած գյուղերում մի բժիշկը աշխատում է միանգամից մի քանի գյուղում, ընդհանուր ։ Ըստ Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանի, բժիշկների պահանջ կա, որպեսզի շրջանի յուրաքանչյուր գյուղ ունենա իր բժիշկը։

«Գյուղական բժիշկ» ծրագիրի նպատակն է բնակչության համար առաջին բժշկական օգնություն տրամադրելու աշխարհագրական և ֆինանսական հասանելիությունն ապահովել, ինչպես նաև հատուկ ֆինանսավորվող հաստատություններում գրանցված բնակչության բժշկական ծառայությունների մատչելիության ապահովում:

Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը ասում է, որ յուրաքանչուր դեպքում հոսպիտալը աշխատում է, որպեսզի մարդկանց տեղեկացնի պետական ծրագրերի մասին:

Չնայած այս ամենին, ինչպես տեսնում ենք, Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ բոլոր պետական առողջապահական ծրագրերը գործում են լիովին և արդյունավետ։

Գայանե Ակոջյան
Քրիստինե Մարաբյան