Սեպտեմբերի 15-16-ը Ախալքալաքում անցկացվեց «Անկախության վերականգնման 100-ամյա ճանապարհ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին վրացի և հայ պատմաբանները: Մեր հարցերին պատասխանում են Թբիլիսիի պատմության և ազգագիտության թանգարանի տնօրեն Գեորգի Ճեիշվիլին և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

100-ամյա անկախության ճանապարհին ի՞նչն է միավորում երկու հարևան երկրներին:

Գեորգի Ճեիշվիլի

«Պատմական իրադարձությունները շատ են բայց երևի ամենակարևոր և պատմական փաստն այն է, որ երկու երկրներն էլ ընդունել են քրիստոնեություն և հենց քրիստոնեության ընդունումն է, որ մեր հետագա վերելքների հիմքն է հանդիսացել»:

Աշոտ Մելքոնյան

«Մեր և Վրաստանի անցած պատմական ուղին այնքան նույնական է, մենք գտնվում ենք նույն տարածաշրջանում, նույն քաղաքակրթությունների կրողն ենք, նույն հարևաններն ունենք և բնականաբար մեզանում պատմությունը պետք է ուղղակիորեն կրկնվեր: Համատեղ պայքար սկսեցինք անկախության համար, այդ անկախության բովում հայ-վրացական համատեղ պայքարն էր Արևմտյան Հայաստանից սկսված մինչև Ախալքալաք-Սաթխա: Համատեղ ինքնապաշտպանական կռիվներ…»:

Անկախության ճանապարհին Վրաստանը ունեցավ Աբխազիայի ու Հարավային Օսիայի, իսկ Հայաստանը Արցախի խնդիր: Այս իրողությունները ինչքանով ազդեցին երկկողմ հարաբերությունների վրա:

Գեորգի Ճեիշվիլի

«Ղարաբաղի ու Աբխազիայի հարցը շատ բարդ հարց է: Մենք այսօր ունենք այս իրավիճակը, որովհետև այն ժամանակ չկար համընդհանուր հարավկովկասյան քաղաքականություն: Հիմնախնդիրը բավականին լուրջ է, և կարող է ամբողջ մի սերունդ չկարողանա այս հարցը լուծել: Բայց ես հույս ունեմ, որ այս բարդ կարգավիճակը մի օր կորոշվի և բոլոր շահագրգռված անձանց կողմերի հետաքրքրություններն էլ գնահատված կլինեն»:

Աշոտ Մելքոնյան

«Ցավալիորեն այս խնդիրների առկայությունը օգտագործեցին մեր հակառակորդները, փորձելով նույնացնել Արցախի խնդիրը Աբխազիայի խնդրի հետ: Իրականության մեջ սրանք զգալիորեն տարբեր են: Այս խնդրում մենք տարբեր ճակատներում ենք հայտնվել, այնինչ իմ խորին համոզմամբ այս ծանր խնդիրների ներկայությունը մեզ պետք է ստիպեր, որ ավելի սթափ լինեինք: Այս պայմաններում մենք շարունակեցինք մնալ կողք-կողքի ապրող բարեկամ երկիր, հետանկախական շրջանում ամենամեծ ձեռքբերումը սա եմ համարում»:

Ի՞նչ տվեց հայ և վրաց պատմաբանների այս գիտաժողովը: Ախալքալաքն ինչ դերակատարություն ունի երկու հարևան երկրների համար:

Գեորգի Ճեիշվիլի

«Ախալքալաքը բավականին մեծ նշանակություն ունի երկու երկրների համար: Ախալքալաքի բնակչությունը, առհասարակ Սամցխե-Ջավախեթիի բնակչությունը հենց այն կապող օղակն է երկու երկրների բարեկամության միջև: Եվ այսօր անցկացված այս բարեկամական գիտաժողովը հենց սա է հաստատում: Երկու երկրների պատմաբաններին տվեց փոխհասկացողություն և համագործակցության նոր հնարավորություններ»:

Աշոտ Մելքոնյան

«Ես շատ ուրախ եմ, որ մեր վրացի գործընկերները մի քանի անգամ ընդգծեցին, որ Ջավախքը՝ ոչ թե բաժանարար գիծ է, այլ կամուրջ է մեր ժողովուրդների համար: Շատ ուրախալի է, որ մեր վրաց գործընկերները գիտաժողովի համար Ախալքալաքը որպես տեղ կոնֆերանսի ընտրելու հարցում շատ լայնախոհ գտնվեցին և կարծում եմ դա մեր հաջողություններից կարևորագույններից մեկն է»:

Աղունիկ Այվազյան