Ամեն տարի ապագա դպրոցականների ծնողները որոշում են, որ “առաջին զանգ”-ը չեն նշելու շքեղ հյուրասիրությամբ և բազմաթիվ հյուրերով, սակայն երբ մոտենում է ուսումնական տարվա առաջին օրը, բոլորը միջոցներ են փնտրում գնումների համար։

Ախալքալաքում քաղաքային խառնաշփոթին ավելացել են պայուսակ և գրենական պիտույքներ վաճառողների վաճառասեղանները ու դրանք մեկ առ մեկ զննող և մեկ չհավանող մեկ էլ շտապող ու գնող ծնողները։

«Ավելորդ ծախս է, ամբողջ տարին հավաքում, խնայում ենք, որպեսզի մի օրվա համար ծախսենք գնա, դե ինչ անենք, բոլորը անում են, միայն մենք ծաղիկի նման հո հետ չենք մնալու», – ասաց թոռնիկին առաջին դասարան ուղեկցող Աշխեն տատին։

Վալյան շատ ուրախ է, որ աղջիկը առաջին դասարան պետք է գնա, բայց նա ցանկանում էր, որ ուտելիքի, գրենական պիտույքների և խնջույքի համար ծախսված 3000 լարիով աղջկա համար մի թանկարժեք նվեր գներ, որն էլ միշտ կհիշվեր։

«Էլ չեմ ասում, որ տունն էլ ենք վերանորոգել, մի խոսքով շատ կցանկանայի որ չլիներ, անկապ տոնակատարություն է, իմաստ չեմ տեսնում, սակայն չեմ էլ ուզում ուրիշներից հետ մնանք», – ասաց նա։

Վալյաի ամուսինը Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել, և մի քանի ամսվա աշխատավարձն ուղարկել է, որպեսզի այդ ծախսերը հոգան։

«Առավոտվանից վազվզում ենք, այնքան թանկ են տետրերը, պայուսակները, ասես աշխարհի վերջը լինի։ Մենակ մի աշակերտ էլ չունենք, որ մեկի մասին մտածենք, երկուսն են, մեկը 3-րդ դասարան, մյուսը նոր է դպրոց գնալու։ Շատ մեծ ծախսեր են, 3000-4000 լարի, դե կարելի է ուրիշ, կարևոր ծախսեր հոգալ», – ասաց մեկ այլ ծնող։

Շուկայում պայուսակների գները տատանվում են 10-ից մինչև 55 լարի, սակայն եթե անիվներով պայուսակ ցանկանան, ապա պետք է վճարեն 50-100 լարի։

Տոնավաճառում հանդիպեցինք գնումներ կատարող Անահիտին, ով երեք երեխաների համար դպրոցական իրեր էր գնում։

«Միայն օրագիր ու տետր եմ գնել երեք երեխաների համար, 140 լարի եմ վճարել, չեմ էլ նկատել, թե որին ինչքան գումար եմ վճարել, իսկ հիմա հագուստ եմ գնում։ Մի զույգ էլ պետք է, որ փոխնեփոխ հագնեն։ Էլ չեմ խոսում հագուստի ու պայուսակի մասին, 1500 լարի պետք է, որպեսզի երեք երեխաներին դպրոց ուղարկենք», – ասաց Անահիտը։

Ամեն տարի թե Ախալքալաքում, թե գյուղերում առաջին դասարանցիների ծնողները որոշում են վերջ տալ այս ավանդույթին, պայմանավորվում են չնշել, սակայն երբ ժամանակն է գալիս, բոլորը՝ մեկի նման, պատրաստվում են, որ մյուսներից չտարբերվեն։

Գայանե Ակոջյան