Բուհ ընդունված երիտասարդների մեծ մասը դպրոցին զուգահեռ լրացուցիչ պարապմունքների է հաճախել: Արդյո՞ք դպրոցում ստացած գիտելիքը բավարար է բուհ ընդունվելու համար:

Դիմորդներից շատերը կարծում են, որ առանց հավելյալ պարապմունքների հնարավոր չէ ընդունվել Թբիլիսիի բուհեր, իսկ դպրոցը չի տալիս բավական գիտելիք։ Ախալքալաքի դիմորդները հավելյալ պարապում են մաթեմատիկա և տրամաբանություն, քանի որ բուհ ընդունվելուց հանձնում են ընդհանուր ունակություններ քննությունը մայրենի լեզվով, որը ընդգրկում է հարցեր այդ երկու առարկայից:

Ներդրում անե՞լ, որ պետական ֆինանսավորում ստանալ

Վարսինե Կրճացյանը արդեն 2 տարի է, ինչ սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

Վարսինեն ընդունելության ազգային քննությունները հանձնելիս դժվարություններ չի ունեցել, որովհետև դպրոցին զուգհեռ հաճախել է լոգիկայի և մաթեմատիկայի պարապմունքների:

«Ընդունելության համար պարապել եմ երկու առարկա՝ մաթեմատիկան և տրամաբանությունը: Երեք ամիս եմ պարապել և մոտավոր հաշվարկով 500 լարի են ծնողներս վճարել, բայց շատ գոհ եմ արդյունքից, քանի որ կարողացա ստանալ պետական ֆինանսավորում»,- պատմում է Վարսինեն։

Արդեն երկրորդ կուրսի ուսանողուհի Վարսինեն հավատացած է, որ եթե հավելյալ պարապմունքների չգնար, միգուցե պետական դրամաշնորհ չստանար ուսուցման համար:

Պարապմունքի չգնալը հավասարազոր է բուհ չընդունվելու՞ն

18 տարեկան Լուիզա Կիրակոսյանը (անուն ազգանունը փոխված է) 2018 թվականին բոլոր այն դիմորդների հետ միասին, ովքեր պատրաստվում էին ընդունվել Վրաստանի բուհեր, հանձնել է միասնական ազգային քննությունները:

Սակայն Լուիզան բարձրագույն կրթությունը չի շարունակի Թբիլիսիում: Նա ոչ բավարար միավորներ է հավաքել տրամաբանություն և մաթեմատիկա քննություններից, և որոշել է Երևանում շարունակել կրթությունը, այսօր նա արդեն Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի է:

«Ջավախիշվիլիի համալսարանում լեզուների բաժին էի ուզում ընդունվել։ Ուղղակի չեմ հասկանում, եթե մենք ուզում ենք լրիվ ուրիշ ուղղությամբ սովորել, ինչո՞ւ է պարտադիր հանձնել լոգիկա և մաթեմատիկա առարկաները», – զայրացած նշում է Լուիզան:

Լուիզան քննություններից առաջ պարապմունքների չի հաճախել, որովհետև ապրում է Ախալքալաքի հեռավոր գյուղերից մեկում և ամեն անգամ գյուղից քաղաք գնալ-գալը մեծ դժվարությունների հետ էր կապված:

Վերջինս համոզված է՝ բուհ չի ընդունվել, որովհետև դպրոցին զուգահեռ պարապմունքների չի հաճախել, իսկ դպրոցի գիտելիքներով անհնար է ընդունվել:

Ընդհանուր ունակությունների քննություն կա, դպրոցական ծրագրում նման առարկա չկա

Էմմա Նահատակյանը Ախալքալաքի վրացական երիտասարդական կենտրոնում տրամաբանություն է դասավանդում: Կենտրոնում հատուկ ծրագիր է գործում, որտեղ ուսուցանվում են մի քանի առարկաներ՝ անգլերեն, վրացերեն, համակարգչային դասընթացներ և տրամաբանություն։

Կենտրոնում պարապմունքները սկսվում են աշնանը: Դիմորդներն այնքան շատ են, որ նրանց հոսքերի են բաժանում: Մի մասը նոյեմբերից մինչև մարտ է պարապում, իսկ մյուսը մարտից մինչև հունիս, իսկ քննություններից մեկ ամիս առաջ բոլոր դիմորդները շարունակում են պարապմունքները և կրկնում են ամբողջ ծրագիրը: Յուրաքանչյուր խմբում 20-25 դիմորդ է պարապում:

«Կան երեխաներ ում համար նույնիսկ մի ամիսը բավարար է որպեսզի հասկանան, կարևոր է սկզբունքը հասկանալ: Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր դիմորդ հասնի իր նպատակին, այսինքն բուհ ընդունվի», – պարզաբանում է Էմմա Նահատակյանը:

Շատ դիմորդներ բողոքում են, որ դպրոցում տրամաբանություն չեն անցնում, սակայն ընդունելության քննությունների ժամանակ ստիպված են այս առարկայից ևս քննություն հանձնել:

«Ես դիմել եմ այս հարցով նախարարություն: Նրանք պարզաբանում են, որ դպրոցի յուրաքանչյուր առարկայում անպայման կա, թե ինչ պետք է անի ուսուցիչը երեխաների տրամաբանության զարգացման համար, և յուրաքանչուր առարկայի տրամաբանության խնդիրը հենց ուսուցչին է վերաբերվում»,- ասում է Էմմա Նահատակյանը։

Սակայն նա նշում է, որ այնուամենայնիվ լոգիկայի ուսուցումը բարձր մակարդակի վրա չէ, այդ իսկ պատճառով հավելյալ պարապմունքների կարիքը զգացվում է:

2 տարի և 4500 լարի բուհ ընդունվելու համար

Թամարա Կվինիկաձեն Զեստափոնի շրջանից է: Նա ի տարբերություն մեր այլ հերոսների, հանձնել է ոչ թե 1, այլ 4 քննություն՝ վրացերեն, անգլերեն, հմտություններ և պատմություն։ Անգլերեն և հմտություններ առարկաները պարապել է 2 տարի, իսկ պատմությունը և վրացերենը յուրացրել է մեկ տարում։

«Պարապմունքների հաճախել եմ, որովհետև դպրոցը չի տալիս այն կրթությունը, որով հնարավոր լինի ընդունվել համալսարան», – նշում է Թակոն։

«Ես շրջանում էի ապրում և դժվարություններ չունեցա պարապմունքի հաճախելիս, բացի այդ մոտ էի ապրում իմ ուսուցչուհու տանը, բայց կային երեխաներ, ովքեր գալիս էին գյուղից և նրանց համար լրացուցիչ ծախս էր»։

Թամարան պարապմունքների համար մոտ 4500 լարի է ծախսել, սակայն քննությունների արդյունքներից և ստացած գիտելիքից գոհ է մնացել։

Վերջինս ընդունվել է և 50 տոկոս դրամաշնորհ է ստացել պետությունից:

Իսկ ինչ անեն այն մարդիկ ովքեր ուզում են, սակայն հնարավություն չունեն հավելյալ պարապմունքների հաճախել:

Ռիմա Մառանգոզյան