Ալաթուման գյուղի համար նոր ջրագիծ է անցկացվում, որով ջուրը գյուղ չի հոսի: Աշխատանքները հասցվելու են ավարտին: Թե ինչպես կլուծվի ալաթումանցիների ջրի հարցը, Ախալքալաքի քաղաքապետարանը կմտածի հետո:

Տարիներ շարունակ Ալաթումանի բարձրադիր հատվածում ապրող մոտ 160 բնակիչ (բնակչության 40%) ջուր չունի։ Գյուղի մյուս բնակիչները ստանում են ջուր հին ջրագծից, որը չի կարող ապահովել բարձրադիր մասը ինքնահոսով։ Բնակիչները սպասում են, որ նոր ջրագիծը կփրկի իրավիճակը, սակայն ապարդյուն։

Ալաթուման գյուղի նոր ջրատարի աշխատանքների իրականացման համար տենդեր-մրցույթը հաղթել է Ֆիզիկական անձ Գարիկ Զարմարյանը առաջին տեղը գրաված ՍՊԸ «Արո»-ի որակազրկման արդյունքում: Որակազրկման պատճառն էր տեխնիկական փաստաթղթերում սխալների առկայությունը: Զարմարյանը հաղթել է մրցույթը 205 840 լարիով։ Գումարի մեջ մտնում է նաև Կոթելիա գյուղի մանկապարտեզի համար հակասեպտիկի (զուգարանի համար) շինարարությունը: Պայմանագիրը կքնվել է 2017թ․ նոյեմբերի 14-ին, ըստ որի էլ աշխատանքները պետք է ավարտվեին 2018թ․ հունվարի 29-ին: Սակայն պայմանագրի ժամկետը երկու անգամ փոփոխության է ենթարկվել, և, ըստ վերջին փոփոխության, աշխատանքների վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է։

Աշխատանքի երկարացված ժամկետները խթան չհանդիսացան ալաթումանցիներին խմելու ջրով ապահովելու համար։

“Նոր ջրագծով ջուրը դեռ չի հասել գյուղ, ով որ ջուր չունի գյուղի կենտրոնից, հին ջրագծից են տանում”, – ասաց Ալաթումանի բնակիչ Մերուժ Վարդանյանը։

hin jur alatuman

Ըստ բնակիչների, նրանք շատ անգամ են դիմել քաղաքապետարան։

“Դիմել ենք, բայց անիմաստ, այս նոր ջրագիծն էլ այս տարի չի լինի, մյուս տարի էլ Աստված գիտի, ինչ որ սխալ են գծել նախագիծը, ջուրը չի հասնում”, – ասաց գյուղի մեկ այլ բնակիչ։

Ինչպես պարզվում է, աշխատանքները սկսելուց առաջ չեն նախատեսել, որ ջուրը կարող է չհոսել նոր ջրագծով և, որ ջրագիծը մինչև գյուղ հասնելը անցնելու է բարձրունքով: Ախալքալաքի ենթակառուցվածքների ծառայության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը ասում է, որ ջուրը ճնշում չունի, բայց շինարարը մեղավոր չէ։

“Մեր ամենաժամանակակից սարքավորումը, որն էլ ցույց է տալիս բարձրությունները ստացիոնար GPRS-ն է, երկու անգամ, երկու GPRS-ով չափել ենք, այնտեղից, որտեղից որ պետք է անցնի ջուրը ակից 14 մետր բարձր է։ Նախորոք չենք իմացել, որ այսպիսի խնդրի առաջ պետք է կանգնեինք”, – ասաց Ալբերտ Նահատակյանը։

Նրա խոսքերով, քանի որ նախընտրական շրջանում բյուջեում փոփոխություն չեն կարող անել, ելք կգտնեն դրանից հետո:

Իսկ այն հարցին, թե ինչու առաջացավ այս խնդիրը և արդյոք նախորոք հնարավոր չէր կանխահաշվարկ անել, Նահատակյանը պատասխանեց.
«Հիդրավլիկան բարդ, մինչև վերջ չբացահայտված գիտություն է»:

Գայանե Ակոջյան