Այսօր, Ախալքալաքում «Կրթված և ինֆորմացված երիտասարդություն՝ գիտակցված ընտրության համար» ծրագրի շրջանակներում անցկացվեց թրեյնինգ, որի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել Վրաստանում նախագահական ընտրությունների և քվեարկության ընթացակարգի մասին:

Նախագիծը, որը ֆինանսավորում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, միտված է երիտասարդության ակտիվ ու գիտակցված մասնակցությանն առաջիկա նախագահական ընտրություններին:

«Կրթված և ինֆորմացված երիտասարդություն՝ գիտակցված ընտրության համար» ծրագրին մասնակցում են բազմաթիվ երիտասարդներ Ախալքալաքից, Ասպինձայից ու Նինոծմինդայից: Նախագիծն այս երեք շրջաններում իրականացնում է «Փարոս» կազմակերպությունը:

inform

«Փարոս»-ի տնօրեն Նարինե Գինոսյանը մանրամասնում է.

«Այսօր Ասպինձայի և Ախալքալաքի երիտասարդներն են այստեղ: Թրեյնինգների ավարտին 10-ական երիտասարդներ կընտրվեն, որոնք արդեն իրենք կանցկացնեն ինֆորմացիոն հանդիպումներ: Երիտասարդներն իրենք կընտրեն, թե որտեղ կարող են մարդ հավաքել և ինֆորմացիոն հանդիպում անցկացնել և հակիրճ կներկայացնեն Վրաստանում ընտրությունների անցկացման մեխանիզմները, պետական կառույցների դերն ու նշանակությունը: Ի՞նչ է պետությունը, նախարարությունները, նրանք ի՞նչ պարտականություններն ունեն, և ոչ միայն պետական կառույցները, այլև՝ քաղաքացիները»,- ասաց Նարինե Գինոսյանը:

vibori ev eritasardner

«Կրթված և ինֆորմացված երիտասարդություն՝ գիտակցված ընտրության համար» ծրագրի թրեյներ Լելա Կուրղելաշվիլին մանրամասն ներկայացրեց Վրաստան պետության կառուցվածքը, պետական գերատեսչությունների դերի ու նշանակությունը, կառավարման մեխանիզմներն ու պարտավորությունները: Ինչպես նաև մանրակրկիտ խոսեց նախագահական ընտրությունների ու քվեարկության օրվա ընթացակարգերի շուրջ:

Ծրագիրը կտևի երկու ամիս՝ օգոստոս ու սեպտեմբեր: «Կրթված և ինֆորմացված երիտասարդություն՝ գիտակցված ընտրության համար» ծրագրի թրեյնինգներն անցած երիտասարդ թրեյներները տեղեկատվական բուկլետներ կբաժանեն մարդկանց, որտեղ քայլ առ քայլ ներկայացված կլինի ընտրությունների քվեարկության ընթացակարգը:

erit vibori

Հոկտեմբերի 28-ին Վրաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Վրաստանում ուղիղ քվեարկությամբ երկրի նախագահ կընտրեն 6 տարի ժամկետով:

Աղունիկ Այվազյան