Ներքին գործերի նախարարության աշխատակիցները երկրի մասշտաբով վերջին շրջանում թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և վաճառքի մեղադրանքով ձերբակալել են 29 մարդու:

Ներքին գործերի նախարարությունում նաև հայտարարում են, որ հունվարից մինչև օրս երկրում ապօրինի թմրամիջոցների ներմուծման համար ձերբակալվել է ընդամենը 99 մարդ: Նրանք բոլորը փորձել են Վրաստան մեծ քանակությամբ թմրանյութեր ներմուծել:

Ինչ վերաբերում է վերջին շրջանին, վերջերս Գանմուխուրի գյուղում Զուգդիդի շրջանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 22 մարդու: Կալանավորվածներից հինգը Իրանի քաղաքացիներ են: Ձերբակալվածների անձնական խուզարկման և նրանց ժամանակավոր բնակության վայրերի խուզարկման ընթացքում ոստիկանությունը, որպես նյութական ապացույց հայտնաբերել և առգրավել է տարբեր տեսակի թմրադեղեր:

Հարկ է նշել, որ Գանմուխուրի գյուղը տեղակայված է Սև ծովի ափին, Անակլիա հանգստավայրի մոտ: Օրերս, այնտեղ անցկացվել է Echowaves էլեկտրոնային երաժշտության մեծամասշտաբ փառատոնը:

Բացի այդ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Ուկրաինայի 30-ամյա քաղաքացու, որի անձնական խուզարկության ժամանակ, առգրավել են կոկաին, կետամին և ամֆեամին: Հարուցվել է քրեական գործ «թմրամիջոցների, նրանց անալոգների, պրեկուրսորների կամ նոր հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստում, արտադրութուն, ձեռքբերում, պահում, փոխադրում, փոխանցում կամ վաճառք» և «թմրամիջոցների, դրանց անալոգների, պրեկուրսորների կամ նոր հոգեմետ նյութերի ապօրինի ներկրում Վրաստան, արտահանում Վրաստանից կամ միջազգային փոխադրում տարանցմամբ» հոդվածների շրջանակներում:

Աջարիայում ձերբակալվել է մեկ այլ անձ` Վրաստանի 24-ամյա քաղաքացին: Կալանավորվածի անձնական խուզարկման ժամանակ, ոստիկանությունն առգրավել է հինգ փաթեթի մեջ փաթեթավորված 91 «սուբոքսինի» և հերոինի հաբեր:

Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Թմրամիջոցների, դրանց անալոգային նյութերի, պրեկուրսորների կամ նոր հոգեմետ նյութերի ապօրինի պատրաստում, արտադրություն, ձեռքբերում, պահեստավորում, տեղափոխում, փոխանցում կամ վաճառք, հատկապես մեծ մասշտաբով» հոդվածով, ինչը պատժվում է 8-ից 20 տարի կամ անորոշ ժամկետով ազատազրկմամբ:

Վրաստանում վերջին շրջանում ոստիկանության կողմից ձերբակալվել է Իրանի ևս երկու քաղաքացի: Երկուսի անձնական խուզարկումների ժամանակ ՆԳՆ-ի աշխատակիցները բռնագրավեցին ութ փաթեթների մեջ փաթեթավորված թմրամիջոցներ, ինչպես նաև մինչ 700 գրամ հերոին:

Միևնույն ժամանակ, Թբիլիսիում ոստիկանները ձերբակալել են երկու մարդու` թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահելու մեղադրանքով: Նրանց անձնական խուզարկման ընթացքում առգրավվել են «էքստազի» 25 հաբեր, ամֆետամին, MDMA և LSD:
Բացի դրանից, Թբիլիսիի ծայրամասում գտնվող Պոնիճալա գյուղում ոստիկանությունը ձերբակալել է 26-ամյա մի քաղաքացու, ով մեղադրվում է թմրանյութ վաճառելու մեջ: ՆԳՆ-ն նշում է, որ նրան ձերբակալել են Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշման հիման վրա: Կալանավորին սպառնում է 7-14 տարի ազատազրկում:

Նյութը` Новости Грузия-ից