Ախալքալաքի հին տներից մեկում Արմեն Երիցյանը կիթառի դասընթացներ է անցկացնում երիտասարդների հետ։ Նրա նպատակները շատ են, բայց հնարավորությունները սահմանափակ։

yeritsian studio

Արմենը դպրոցական տարիներին հաճախում էր երաժշտական դպրոց դաշնամուրի բաժին, սակայն ուսուցչի վերաբերմունքից հիասթափված հրաժարվում է երաժշտական դպրոցից։ «Դասատուն ցուցափայտով երեխաների մատներին էր հարվածում, վերաբերմունքից հիասթափվեցի ու դուրս եկա, բան չէր մնացել մի քանի ամսից ավարտում էի դպրոցը»,- ասում է Արմեն Երիցյանը։

yeritsian 1

Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ դպրոցական կրթությունը շարունակել և ավարտել է Հայաստանում, այնուհետև Մոսկվայում տեխնիկական ինստիտուտում է սովորել։ Արմեն Երիցյանը կարծում է, որ իր երաժշտական ուղղությունը ձևավորելուն ազդեցություն են ունեցել նաև միջավայրերի փոփոխությունները։ Մոսկվայում սովորելու տարիներին ուսանողական ընկերների հետ բենդ են ձևավորել, որի կազմում են եղել՝ մի հրեա, մի լեհ, երկու ռուս և ինքը։ Խմբի մասին հիացմունքով է հիշում, ասում է, որ ուսանողական մրցույթի ժամանակ իրենց խումբը 7-րդ տեղն է զբաղեցրել, ամբողջ Մոսկվայի 200-ից ավելի ինստիտուտների մեջ։

Armen Yeritsian

«Քայլում էի քաղաքում, հին մշակույթի տան մոտով էի անցնում, կիթառի ձայն լսեցի, ոնց որ առաջին անգամ սիրահարվում ես, նման զգացողություն ապրեցի ու որոշեցի, որ կիթառ եմ նվագելու։ Առաջ ավելի լավ էր, խմբեր կային նվագում էին, հիմա քաղաքում միայն ժողովրդական երաժշտությանն են ուշադրություն դարձնում։ Իհարկե՝ շատ կարևոր է ժողովրդական երգ-երաժշտությունը, բայց մեր երգն էլ պետք է լինի։ Երիտասարդների ճաշակը ձևավորվում է տեսածի և լսածի հիմքով, հիմա եթե այս երաժշտությունը չի տարածվում, ուրեմն չեն լսում։ Իսկ տարածելու համար պայմաններն ու հնարավորությունները սահմանափակ են»,- ասում է Արմեն Երիցյանը։

Արմեն Երիցյանը, երբ վերադարձել է Ախալքալաք, մայրը մահացել է, իսկ բժիշկ հայրը մեկնել է ԱՄՆ։ Ախալքալաքի մշակույթի տան խմբում է նվագել, այնուհետև երկար տարիներ անհատական աշակերտների հետ է աշխատել։ Այսօր բազմաթիվ աշակերտներ ունի, որոնցով հպարտանում է։

yeritsian ashakert

Երիցյանը ռոք երաժշտության սիրահար է նախընտրում է “The Beatles”, “Deep Purple”, “Santana” և նման խմբերի կատարումները։ Նրա կարծիքով, այսօր հնարավոր է ստեղծել ինքնատիպ ու որակյալ երաժշտություն, ափսոսում է, որ 58 տարեկանում չի կարողանում ստեղծել այն անկյունը, որտեղ կաշխատի և կստեղծի այն, ինչը միշտ ուզեցել է։ Աշակերտների հետ մեծ հույսեր է կապում և կարծում է, որ Ջավախքում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, պետք է գտնել ու բացահայտել։ Արմեն Երիցյանը չի սիրում, երբ ասում են չեմ կարողանում, նա հավատացած է, որ պետք է փորձել և եթե մի փոքր տաղանդ կա, այն չի կորի, աշխատելու ընթացքում անպայման արդյունքներ կլինեն։

yeritsian guitar

«Եթե տարածք ու տեխնիակակն սարքավորումներ լիներ, շատ ավելին կարող էի ստեղծել, ինչո՞ւ պիտի մեր ճաշակը սահմանափակի թանկարժեք մեքենաներից լսվող ինչ-որ աղաղավաղումներով: Մի քանի տարի առաջ ավելի ահավոր պատկեր էր, հիմա լավ է, երիտասարդությունը ոճ ունի, ճաշակ ունի: Դե ամեն ինչի էլ կամաց-կամաց կհասնենք»,- հույս է հայտնում Ախալքալաքի ռոք երաժիշտը:

yeritsian tekhnika

Հույս է հայտնում, որ ամեն ինչ լավ կլինի:

Սոնա Տոնականյան