Այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հանդիսավորությամբ նշվեց Տիրամոր վերափոխման օրը։ Տոնական օրվա պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր:

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-18), ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց:

xaxox

Ըստ առաջին դարի ականատեսների վկայություններով կազմված եկեղեցական ավանդույթի՝ Քրիստոսի համբարձումից որոշ ժամանակ անց Գաբրիել հրեշտակն այցելել է Աստվածածնին և հաղորդել, որ շուտով նա պիտի կրկին հանդիպի իր Որդուն։ Մեծ ուրախությամբ լսելով այդ լուրը՝ Սուրբ Մարիամը բարձրացել է Ձիթենյաց լեռը, որտեղից համբարձվել էր Որդին, աղոթել, ապա կանչել բարեկամներին և հրաժեշտ տվել։ Այդ գիշեր նրա հոգին բաժանվել է մարմնից։ Երեք օր շարունակ նրա շիրիմին այցելողները զարմանքով պատմել են այդտեղից ճառագող զարմանալի լույսի մասին։ Երրորդ օրը հրեշտակներն իրենց ձեռքերին վեր են բարձրացրել Տիրամոր մարմինը, ինչը ևս մեկ անգամ հիշեցնում է քրիստոնեության անկյունաքարային դրույթը՝ մարդը հարություն է առնում նաև մարմնով. ըստ էության նա անմահ է։ Այսօրվա տոնը քրիստոնյային հիշեցնում է հենց այդ մասին։

xoran u dpir

Պատարագի ավարտին եկեղեցում Տեր Տաթև քահանա Մարուքյանի ձեռամբ օրհնվեց և հավատավոր ժողովրդին բաժանվեց բազմախորհուրդ խաղողի ողկույզները։ Հնում ընդունված էր մինչև խաղաղօրհնեքը խաղող չճաշակել, տոնը նշվում էր ողջ համայնքով՝ մեծ հանդիսությամբ, երգ ու պարով։

ekexeci

Այս սովորույթը ոչ մի առնչություն չունի բուն տոնի հետ, այլ գալիս է շատ հին ժամանակներից: Հնուց ի վեր եկած սովորության համաձայն՝ տարվա առաջին բերքը ընծայվում էր Աստծուն: Ըստ օրենքի՝ այդ բերքերն էին ցորենը, գարին, խաղողը, թուզը, նուռը, ձիթապտուղը, մեղրը և այլն:

Այդ նվիրատվության արարողությամբ մարդիկ իրենց երախտագիտությունն էին հայտնում Աստծուն, իրենց վայելած բարիքի համար և այս կերպով նաև ապահովում առաջիկա բերքի առատության համար Աստծո օրհնությունը:

xaxoxorhneq

Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

dpirner

Աղունիկ Այվազյան