Օգոստոսի 1-ից 10-ը ընկած ժամանակահատվածում Ախալքալաքի «Արմաթ» լաբորատորիայի սանը Հայաստանի և Արցախի արմաթցիների հետ մասնակցեց Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ իրականացվող «DigiCamp-2018»-ին:

a2

Ջավախքցի 16 ամյա Գրիգոր Սիմոնյանի գաղափարն անցնելով մրցութային փուլեր զբաղեցրել է առաջին տեղը: Նրա գաղափարը ծրագրային հավելված է, որը թույլ կտա օգտվողներին լսել հավաստագրված երաժշտություն: Գաղափարների մրցույթում մասնակից 37 երեխաներից 7-ն անցել են եզրափակիչ փուլ, մնացած մասնակիցները բաշխվել են եզրափակիչ անցած գաղափարների թիմերում, իսկ գաղափարատերերը եղել են թիմի ավագներ:Հաղթող գաղափարներ են ճանաչվել 7-ից 2-ը: Առաջին հորիզոնականում Ջավախքի, երկրորդում Գյումրիի «Արմաթ» լաբորատորիաների սաներն են:

a3

Գրիգոր Սիմոնյանի ծնողները բժիշկներ են և երեխայի ապագան պատկերացնում են բժշկության մեջ: Դժվարությամբ, սակայն նա կարողացել է համոզել ծնողներին:
«Նոր աշխարհ բացվեց ինձ համար, ես չէի պատկերացնում որ այդ ոլորտում հնարավոր է հաջողություն արձանագրել, բայց ես համոզվեցի, որ այդ ոլորտն ունի անսահմանափակ հնարավորություններ: Ուրախ եմ որ կարողացա համոզել ծնողներիս ընտրելու այս ոլորտը, հիմա նրանք ևս ուրախ են և ենթադրում են, որ գուցե մի օր կարողանամ կիսով չափ իրականացնել նրանց երազանքը բժշկության ոլորտում SS հնարավորությունները օգտագործելով: Նպատակ ունեմ հաղթանակի արժանացած ծրագիրս խորացնել և դրամական մրցանակը օգտագործել այդ ոլորտում», – մեզ հետ զրույցում ասաց 16 ամյա Գրիգոր Սիմոնյանը:

Հաղթող մասնակիցները «Յուքոմ» ընկերության կողմից ստացել են նվեր հեռախոսներ, իսկ ԱՏՁՄ-ի կողմից հավաստագրեր և դրամական պարգևներ գաղափարները իրագործելու համար:

«DigiCamp-2018»-ի անցկացման վայրը՝ Ծմակահողը պատահական չի ընտրված, այստեղ է ծնվել Սովետական Միության ՏՏ ոլորտի և տիեզերագնացության հիմնադիրներից մեկը՝ հռչակավոր ակադեմիկոս, ֆիզիկոս և գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանը։ «DigiCamp-2018»-ի ընթացքում մասնակիցների առօրյան հագեցած և հետաքրքիր է եղել, բացի այն, որ աշխատել են իրենց նորարարական գաղափարները հնարավորինս լավ ներկայացնել, նրանք նաև այցելել են Իոսիֆյանի տուն, եղել են Ստեփանակերտ, Շուշի քաղաքներում, մի շարք եկեղեցիներում և այլ պատմամշակութային վայրերում։

a4

Երեք ամիս է, ինչ Ախալքալաքում գործում է Արմաթ լաբորատորիան: «DigiCamp-2018» -ին Ախալքալաքի միակ մասնակիցը Գրիգորն է եղել: Լաբորատորիայի խմբակավարի խոսքով երեխաներից շատերը լավ գաղափարներ ունեն, միայն պետք է ուղղություն տալ և նման միջոցառումներով ու մրցույթներով ոգևորել:

«Շնորհակալություն ենք հայտնում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին և բարերար Ավետիս Բալոյանին մեզ վստահելու և նման ձեռքբերումներ ունենալու հնարավորություն ընձեռելու համար», – ասում է Ախալքալաքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար Մարգարիտա Ջավարջյանը:

a1

Սոնա Տոնականյան