Ազատություն փողոցի բնակիչները բողոքում են, որ շուկայի աղբամանները տեղադրված են մայթերին և հակասանիտարական վիճակ է տրիում, քանի որ մարդիկ աղբը նաև աղբամանների կողքին են թափում։
«Շուկայի ամբողջ աղբը բերում, լցնում են այդ աղբարկղերը, գնացինք, շատ տեղեր բողոքեցինք, գնացինք քաղաքապետի մոտ, նա հրամայեց, որ անհապաղ հանեն, սակայն չհանեցին, արդեն 10-ից 12 օր է նույն բանն է։ Մեր տնից 4-ից 5 մետր հեռավորության վրա են գտնվում աղբարկղները, պատին մոտ, զզվելի հոտ է, ինչ ասես չեն թափում։ Բալախաձեն նույնպես ասաց, որ հանեն, սակայն չեն հանում», – ասաց Ազատության փողոցի համար 30 տան բնակիչ Թաթարյան Վահագը։
Բնակիչները ասում են, որ առևտրականները միս են թափում ոչ միայն աղբամանների մեջ, այլև կողքերը, ճանճերը հավաքվում են և այդ ամենը կարող է առաջացնել տարբեր հիվանդություններ։
Նրանք նաև չեն ժխտում այն հանգամանքը, որ աղբամանները միշտ մաքրվում են։
«Ճիշտ է օրական երեք անգամ մաքրում են, տանում են աղբը, սակայն էլի կեղտոտ է տարածքը։ Հենց աղբամանը լցվում է սկսում են շուրջը շարել, աղբը հասնում է դռանս մոտ», – հավելեց Վահագ Թաթարյանը։
«Այստեղ այնքան աղբ են լցնում, շատ հնարավոր է, որ շոգ եղանակներին ինֆեկցիաներ անցնի։ Հետո էլ այն մեծ շուկայի համար ընդամենը երկու աղբաման են հատկացրել», – ասաց փողոցի մեկ այլ բնակիչ Հակոբը։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն այս հարցի վերաբերյալ ասաց.
«Նալբանդյան փողոցից առևտրականներին նոր ենք տեղափոխել շուկա, հիմա շուկայում տեղի խնդիր կա, առևտրականները նոր են տեղավորվում։ Աղբարկղները տեղադրեցինք Նալբանդյան փողոցում, այնտեղ առևտրականներին էր խանգարում, քանի որ նրանք մշտական կանգնած են այդտեղ և հոտը միշտ զգում են, իսկ Ազատության փողոցում բնակիչը միշտ չէ, որ այդ տարածքում կանգնած է։ Այո, գիտեմ որ դա խնդիր է, բնակիչները թող 10 օր սպասեն, մինչև շուկայի տնօրինությունը որոշի թե որտեղ պետք է դրվի աղբամանները», – ասաց Արմեն Բիչախչյանը։
Գայանե Ակոջյան