Այսօր Ախալքալաքի Կոթելիա գյուղում ծաղիկներ խոնարհեցին օգոստոսյան պատերազմի մասնակից Թամազ Մելիքիձեի գերեզմանին: Ախալքալաքում հիշում են Օգոստոսյան պատերազմի զոհերին:

Անդառնալի հետևանքներ
10 տարի անց, կրկին օգոստոս ամիսն է, բոլորը հավաքվել են Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղի բարձունքում գտնվող գերեզմանոցում: Ախալքալաքի շրջանի ղեկավարներն ու գյուղի բնակիչները իրենց հարգանքի տուրքն են մատուցում Կոթելիա գյուղից Թամազ Մելիքիձեին: Ով 2008 թվականի օգոստոսի 6-ին սեփական կամքով մեկնեց հակամարտության գոտի և զոհվեց օգոստոսի 9-ի առավոտյան ռմբակոծության հետևանքով:

Tamazi yntaniqy

Թամազի կնոջ՝ Թեա Ջափարիձե-Մելիքիձեի հիշողությունները թարմ են: Օգոստոսի 6-ին ամուսինը զանգ է ստանում և գնում է պաշտպանելու հայրենիքի սահմանները:

«Օգոստոսի 6-ին զանգեցին ասացին, որ պիտի գնա, և մենք ամբողջ ընտանիքով ճանապարհեցինք, դրանից հետո մեզ հետ կապ չի հաստատել, քանի որ պատերազմական վիճակ էր, արդեն 9-ի առավոտյան մեզ տեղեկացրին որ Գորիի ռմբակոծության ժամանակ մահացել է»,- պատմում է Թեան:

gerezmanner

Մինչև պատերազմի սկսվելը Մելիքիձեների ընտանիքը Գորիում էր ապրում, քանի որ Թամազ Մելիքիձեն պայմանագրային զինծառայող էր, հայրենի գյուղ՝ Կոթելիա էին եկել հանգստանալու ընդամենը երկու օր առաջ: Օգոստոսի 6-ին ստացած զանգն անդառնալի հետևանքներ ունեցավ Մելիքիձեների ընտանիքում: Թամազի ընտանիքը համաձայն չէր նրա որոշման հետ, նրանք որդուն հորդորում էին չգնալ, սակայն որդին առանց վարանելու մեկնել է պատերազմական գոտի, ասելով՝ ես զինվոր եմ:

«Մենք շատ խնդրեցինք, որ չգնա բայց ինքն ասաց ես չեմ կարող չգնալ, ես զինվոր եմ: Ուզում էր հերոս լիներ, մեկ տարի էլ չկար որ բանակում պայմանագրային զինծառայող էր: Թամազն ուզում էր հերոս դառնալ… Այսօր նա հերոս է»,- պատմեց կինը:

axjiky

Թամազ Մելիքիձեն զոհվեց 32 տարեկան հասակում, 2008 թվականին, սակայն ընտանիքը մինչ օրս չի հավատում դրան, որովհետև դին անճանաչելի է եղել:

«Այդ օրերին երեխաների հետ մենք այստեղ էինք, անհանգիստ էինք, մեզ զանգեցին ասացին, որ նա զոհվել է և դին չեն կարող գտնել, հետո մարմինը գտան առանց գլխի, անճանաչելի էր, մենք բացարձակապես չենք տեսել մարմինը, միայն եղբայրն է տեսել, 10 տարի է անցել, բայց ես նորից չեմ հավատում, որովհետև շատ դժվար է հուղարկավորել մի մարդու, ում դին չես տեսնում»,- պատմում է Թեա Ջափարիձե-Մելիքիձեն:

Այսօր, ամուսնու մահից հետո Թեան իր մեջ ուժ է գտնում աշխատանքի է անցնում Պաշտպանության նախարարությունում, այդպիսով շարունակելով ամուսնու կիսատ թողած գործը:

2008 թվականի աշնանը Ախալքալաքի տեղական իշխանությունները Ախալքալաքում փողոց են վերանվանել Թամազ Մելիքիձեի անունով: Հերոսի անունն է կրում նաև Կոթելիա գյուղի հանրային դպրոցը, որպեսզի սերունդները հիշեն ու արժանին մատուցեն պատերազմի հերոսներին:

gerezmanaqar

Պատերազմը թվերով

2008թ.-ի օգոստոսյան պատերազմում վրացական կոմից զոհվեց 412 զինվորական և քաղաքացիական անձ, օսական կողմից՝ 365 զինվորական և քաղաքացիական անձ: Ըստ ռուսական պաշտոնական տվյալների՝ զոհվել է նաև 67 ռուս զինվորական:
Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի 20 հազար բնակիչ փախստական է դարձել: Վրաստանը կորցրել է վերահսկողությունն այն տարածքի հանդեպ, որտեղ 125 գյուղ է գտնվում: Հարավային Օսիան և Աբխազիան Ռուսաստանի կողմից ճանաչվել են որպես անկախ պետություններ:

Օգոստոսյան հնգօրյա, վրաց-օսական-ռուսական հակամարտությունը բազմաթիվ կյանքեր խլեց, անդառնալիորեն փոխելով հարյուրավոր ընտանիքների ճակատագրեր:

Աղունիկ Այվազյան