2018-2019թթ ուսումնական տարում նոր՝ «Պաշտպանություն և անվտանգություն» առարկայի շրջանակներում մի քանի դպրոցներում փորձնական ծրագրով աշակերտները սովորելու են Օգոստոսյան պատերազմի հերոսների պատմությունները:

Այս մասին Առաջին ալիքով հայտարարել է կրթության նախարարության ազգային կրթական ծրագրերի բաժնի քաղաքացիական կրթության փորձագետ Շալվա Մեկրավիշվիլին:

Նրա խոսքերով, նախագիծն առաջին փուլում կլինի փորձնական: Հաջորդ ուսումնական տարվանից, երբ կսկսի գործել 7-ից 12-րդ դասարանների դասագրքերի նոր ստանդարտն, այս առարկան կարող է դառնալ պարտադիր:

Նրա խոսքերով, «Պաշտպանություն և անվտանգություն» վերնագրով դասագիրքը կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախագիծն է, որի վրա աշխատանքն արդեն ավարտվել է և պատրաստվում է հրատարակման:

Շալվա Մեկրավիշվիլիի խոսքերով, 2008 թվականի Օգոստոսյան պատերազմը գրքում ընդգրկվել է որպես առանձին թեմա: Մանրամասն պատմվում է Վրաստանի ժամանակակից ազգային հերոսների, այդ թվում Օգոստոսյան պատերազմի հերոսների մասին:

«Պաշտպանություն և անվտանգություն» առարկան նախատեսված է տասներորդ դասարանի աշակերտների համար:

Այս փուլում 2008 թվականի Օգոստոսյան պատերազմն ուսումնասիրում են 9-րդ դասարանում, Վրաստանի պատմություն առարկայի շրջանակներում: Այնտեղ չի խոսվում պատերազմի հերոսների մասին, սակայն Շալվա Մեկրավիշվիլին բացատրում է, որ ուսուցիչը կարող է աշակերտներին հանձնարարել հավաքել տվյալներ նրանց մասին:

2019-2020 ուսումնական տարում, 7-ից 12-րդ դասարանների համար կլինեն էապես նորացված գրքեր, որոնք կազմվելու են նորացված ազգային ուսումնական ծրագրի համաձայն: