Ախալքալաքում տեղական իշխանությանը հաջողվեց շուկային կից Նալբանդյան փողոցը ազատել առևտրական սեղաններից, վաճառողները տեղափոխվել են շուկայի տարածք: Աշխատանքները փողոցային առևտրից ազատվելու ուղղությամբ շարունակվում են։
Եթե հուլիսի 27-ի դրությամբ ընդամենը 3 առևտրական էր տեղափոխվել շուկա, ապա այսօր բոլորն են այնտեղ։ Նալբանդյան փողոցը ազատ է երթևեկության համար:
Զարմանալին այն է, որ մինչ շուկա տեղափոխվելը առևտրականները բողոքում էին, չէին ցանկանում տեղափոխվել, իսկ հիմա չեն դժգոհում։
«Շատ գոհ ենք, դրությունը շատ ընտիր է, աշխատողը յուրաքանչյուր տեղ էլ կաշխատի», – ասաց փողոցից շուկա տեղափոխված առևտրականը։
Շուկայի տնօրեն Արարատ Սահարյանը նշում է, որ բոլոր առևտրականները գոհ են, շուկայում կա բավականին տեղ և բոլորին բավականեցնում է։ Դեռ ազատ տարածքներ էլ կան։
«Վերևի մասում առևտրական սեղաններն ազատ են, ինչքան առևտրական եկել են, բոլորին տեղավորել ենք։ Շուկայում պահեստ կա, հիմա ամբողջական մեծ տարածք է, սակայն ուզում ենք մոտակա օրերին առանձնացնել, առանձին սենյակներ անել, որպեսզի ամեն մարդ ունենա իր պահեստը”, – ասաց Արարատ Սահարյանը։
Շուկայում մեքենաների մուտքը արգելված է, սակայն շուկայում մեքենաներ կային, հարցին թե ինչու են թույլ տվել, Արարատ Սահարյանը հետևյալ կերպ պատասխանեց.
“Ներկա պահին այդ տեղերը ազատ են, այդ իսկ պատճառով էլ չենք արգելել նրանց կանգնել այդտեղ, հիմա ոչ մեկին չեն խանգարում, փորձում ենք բոլորին ընդառաջել”, – հավելեց Արարատ Սահարյանը։
Շուկայի մուտքի մոտ Ազատության փողոցի կողմից շոր և կոշիկներ են վաճառում դրսից եկած առևտրականները, պարզվեց, որ տարածքները, որտեղ որ նրանք կանգնած են, սեփական են, սակայն, եթե մյուս առևտրականների համար տեղ չլինի, Սահարյանի խոսքերով, ստիպված կլինեն հեռացնել նրանց։
Սակրեբուլոյի որոշմամբ շուկայում 1 մետր տարածքի արժեքն է 1.50 լարի։
Ախալքալաքում փողոցային առևտուրը յուրաքանչյուր վայրում են արգելելու, այսօր տարվում էր աշխատանք կաթնեղեն վաճառող առևտրականներին շուկայի տարածք տեղափոխելու ուղղությամբ։
Որպեսզի փողոցներում առևտուր չլինի վերահսկողությունը շարունակվում է ոստիկանության աշխատակիցների կողմից։
Գայանե Ակոջյան