Վրաստանի Գերագույն դատարանի նախագահ Նինո Գվենետաձեն հրաժարական է տվել: Որպես պատճառ նշվում է առողջական վիճակը:

Ըստ այդ հայտարարության՝ Գվենետաձեն լքել է պաշտոնն առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ. նրան մի քանի ամիս տևողությամբ բուժման կուրս է անհրաժեշտ:

Նինո Գվենետաձեն Վրաստանի խորհրդարանի կողմից ընտրվել էր որպես Գերագույն դատարանի նախագահ 2015թ-ին տասը տարի ժամկետով: Նրա թեկնածությունն առաջադրել էր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Գերագույն դատարանի կայքում տեղադրված հայտարարությունում նշվում է, որ Գվենետաձեի ղեկավարության տակ անցկացվել են դատական բարեփոխման երրորդ և չորրորդ փուլերը:

Գվենետաձեի հնարավոր հրաժարականի մասին լրատվամիջոցներն ավելի վաղ էլ էին գրում: 2017թ-ին Նինո Գվենետաձեի և Արդարադատության գերագույն խորհրդի անդամների միջև կոնֆլիկտ առաջացավ դատավորների անժամկետ նշանակման կապակցությամբ: Այն ժամանակ Գվենետաձեն, որը միաժամանակ գլխավորում էր խորհուրդը, հայտարարեց, որ խորհրդի անդամներն իր վրա ճնշում են գործադրել՝ պահանջելով 34 թեկնածուներից բաղկացած ցուցակի հաստատում: Այն ժամանակ տեղեկատվություն հայտնվեց, որ Գերագույն դատարանի ղեկավարը որոշել է հրաժարական տալ: Սակայն արդյունքում նա մնաց իր պաշտոնին՝ ստորագրելով վեճի առիթ դարձած թեկնածուների նշանակումը: