Այսօր, ժամը 14:00-ին Ախալքալաքի գեղարվեստի դպրոցում բացվեց սաների աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախությանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոզյանը, Մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պահպանման և երիտասարդության հարցերով քաղաքապետարանի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը, դպրոցների տնօրեններ և նրանք, ովքեր հետաքրքրված են արվեստով:
vistavka_4
Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 400 նկար: Դրանք, թե՛ ստեղծագործական աշխատանքներ էին, և թե՛ արտապատկերումներ: Մասնակիցների համար նկարների ներկայացման քանակի սահմանափակում չկար: Դպրոցի սաներին շատ ոգևորել էր, որ նրանց աշխատանքները ներկայացված էին հանրության դատին:

«Ես նկարչության հաճախում եմ արդեն 2 տարի և հիմնականում նկարում եմ մուլտիպլիկացիոն նկարներ: Փոքր տարիքից սիրում եմ նկարչությունը ու արդեն մի քանի ցուցահանդեսի ցուցադրվել են իմ նկարները», – ասաց ցուցահանդեսի փոքրիկ մասնակիցներից Հակոբյան Սամվելը:
vistavka_5
Հյուրերը ուսուցիչներին խնդրեցին ավելի հաճախ կազմակերպել նման միջոցառումներ:

Նկարչական դպրոցի տնօրենը՝ Կառլեն Կարապետյանը նշեց, որ ցանկալի է աշակերտների նկարները ցուցադրել նաև քաղաքի սահմաններից դուրս:
vistavka_2
«Մենք համոզված ենք, որ սաների մեջ կունենանք ապագա արվեստագետներ, իսկ ինչ վերաբերում է աշակերտների նկարները քաղաքի սահմաններից դուրս ցուցադրելուն, մենք պատրաստ ենք աջակցել նկարչական դպրոցին այդ հարցում», – ասաց Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ Արմեն Մառանգոզյանը:

Նկարչական դպրոց են հաճախում ոչ միայն քաղաքի երեխաները, այլ նաև շրջակա գյուղերից և ցուցադրված աշխատանքների մեծ մասը նկարել էին հենց նրանք:
vistavka_6
«Նմանատիպ միջոցառումները հնարավորություն են ընձեռնում ջավախահայերի մոտ արվեստի նկատմամբ գաղափարների ընդլայնմանն ու ամրապնդմանը: Նախքան գեղարվեստի դպրոցի ստեղծումն ու ցուցահանդեսների կազմակերպումը տեղի բնակիչները խուսափում էին արվեստից, իսկ այժմ արվեստը մուտք է գործել գրեթե բոլորի տները», – հպարտությամբ ասաց Կառլեն Կարապետյանը:
vistavka_1
Գեղարվեստի դպրոցի տնօրենը նշեց, որ օգոստոսին ևս պատրաստվում են կազմակերպել նմանատիպ միջոցառում, բայց ի տարբերություն այս ցուցահանդեսի, կներկայացվեն միայն աշակերտների ստեղծագործական նկարները:

Կարինե Նահատակյան
Քրիստինե Հակոբյան