400 տարվա ընդմիջումից հետո Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասման կարգ է կատարում, որով Հայոց ցեղասպանության նահատակներին հռչակում է Հայ Առաքելական եկեղեցու սրբեր:

Այս րոպեներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ բաց խորանի մոտ, սկսվեց Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգը:

Սրբադասման հանձնաժողովը ստեղծվել է 2006 թվականին: Հայ առաքելական եկեղեցին վերջին անգամ սրբադասման կարգ կատարել է 400 տարի առաջ: Արարողությունը հեռարձակվում է ուղիղ եթերով: Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մարդիկ մեծ էկրանի վրա դիտում են սրբադասման կարգը:

Ապրիլի 22-ին, Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Քաղաքային Պանթեոնի հարևանությամբ կառուցվելիք Սրբոց նահատակաց եկեղեցու հողօրհնեքի հանդիսավոր արարողությունը, որտեղ հետագայում կտեղադրվեն Հայոց ցեղասպանության զոհերի երկու մասունքարանները:

Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 22-ին մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, որը սկսվեց Հսկման արարողությամբ: Այն իրենից ներկայացնում է աղոթքի հղում առ Աստված: Հսկման արարողությունը տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ և Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած քրիստոնական եկեղեցիների հովապետերի ու եկեղեցական պատվիրակությունների մասնակցությամբ(38 պատվիրակություն է ժամանել): Արարողության ժամանակ կատարվեց երկու մասունքարանների սրբացումը:

Այսօր առավոտյան պատարագի ժամանակ դրանց մեջ դրվեցին մասունքերը և տեղադրվեցին բաց խորանի առջև: Այս պահիս սկսվում են եկեղեցական արարողությունները, որից հետո կընթերցվի հռչակագիրը, որով նահատակները կհռչակվեն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սրբեր: Ամենայն Հայոց և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսները իրենց պատգամը կհղեն հայ ժողովրդին, որից հետո կհնչեն 100 զանգերը:

Որպես սրբերի մասունքներ ընդունվելու են Կիլիկիո կաթողիկոսության ներկայացրած Անթիլիասի Սրբոց Նահատակաց եկեղեցում պահվող մասունքերը և դեռևս 1965 թվականին Դեր Զորից Հայաստան բերված նահատակների մասունքեր, որոնք պահվել են Հայոց ցեղասպանության աղոթքի և ուխտի խաչքարի տակ:

Նշենք, որ 400 տարվա ընդմիջումից հետո Հայ եկեղեցին առաջին անգամ կրկին կատարում է սրբադասման կարգ: Վերջին սրբադասվողը Մովսես Երրորդ Տաթևացի Հայրապետն է եղել, ով սրբադասվել է իր գահակալությունից 100 տարի հետո` Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հռչակմամբ: