Հուլիսի 27-ին աշխատանքային այցով Ախալքալաք էր ժամանել հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին և մի քանի փոխնախարարներ:

Ախալքալաքի քաղաքապետարանում կայացավ տեղեկատվական հանդիպում, որին ներկա էին հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Իրինա Աբուլաձեն, Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով փոխնախարար Թամիլա Բարկալայան, Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն, Սամցխե-Ջավախքի նահանգապետի պաշտոնակատար Գիորգի Միքելաձեն, Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը և Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին նշեց տեղեկատվության և իրազեկման կարևորության մասին, քանի որ այն հնարավորություն է տալիս լինել միշտ տեղեկացված քո իրավունքների մասին, պաշտպանել դրանք և օգտվել արտոնություններից, որոնք առաջարկում է պետությունը:

1

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ և լսել բնակչությանը: Նախարարությունների որոշ ներկայացուցիչներ պատմեցին իրենց գործունեության և ծրագրերի մասին, որոնք իրականացնում են իրենց կազմակերպությունները: Հանդիպման ժամանակ պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին հայտարարեց քարոզարշավի սկիզբը, ըստ որի հուլիսի 31-ին Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի կունենա անհատական հանդիպումներ Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ներկայացուցիչների հետ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ցանկացած հարց տալ, որը մտահոգում է իրեն և վերաբերում է տվյալ նախարարությանը: Օգոստոսի 1-ին նույն վայրում կանցկացվի հանդիպում Վրաստանի Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարության ներկայացուցիչների հետ: Իսկ օգոստոսի 3-ին տեղի կունենա հանդիպում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ներկայացուցիչների հետ:

2

Բոլոր նախարարությունների ներկայացուցիչների ներկայանալուց հետո հավաքվածները սկսեցին հարցեր տալ: Հարցերը հիմնականում վերաբերվում էին, վերջերս տեղի ունեցած, կարկուտից տուժածներին փոխհատուցում ու օգնություն տալուն: Ինչին գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչն ասաց, որ պետությունը չի կարող որևէ բանով օգնել, ափսոսանք հայտնելով, որ ոչ բոլոր ֆերմերներն են ապահովագրել բերքը: Ինչին ֆերմերներն արձագանքեցին, որ խնդիրներ ունեն նաև նրանք, ովքեր ապահովագրել էին բերքը, քանի որ ապահովագրական ընկերությունները մինչ օրս չեն հետաքրքրվել կամ գնահատել գյուղացիների վնասները: Հանդիպման ընթացքում նշվել է ևս մեկ այլ խնդիր` հողերի փաստաթղթերի բացակայության հետ կապված, որը նույնպես թույլ չի տալիս ապահովագրել բերքը և հողերը:

Քրիստինե Մարաբյան