Ախալքալաքի շրջանի գրադարանների ընթերցողները հանդիպեցին բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ, 7 գրքերի և 2 թարգմանությունների հեղինակ Սուրեն Դավթյանի հետ:

Հուլիսի 27-ին, ժամը 10:00-ին Ախալքալաքի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Սուրեն Դավթյանի հանդիպում-քննարկումն ակտիվ ընթերցողների և գրադարանավարների հետ: Գրողին ուղեկցում էր Հրազդան հեռուստաընկերության ծրագրերի բաժնի ղեկավար Ժորա Սարգսյանը:

Հրավիրված էին նաև տեղական ինքնակառավարման և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հյուրերին և ներկաներին ողջունեց գրադարանների միության տնօրեն Թեկլե Վախթանգիշվիլին: Սուրեն Դավթյանը մեկ ամիս առաջ գրադարանին նվիրել էր իր և այլ հեղինակների 16 գիրք: Այդ ժամանակ էլ առաջացավ ընթերցողների հետ հանդիպման գաղափարը:

Գյուղական գրադարանների ընթերցողներն հերթով ընթերցեցին Սուրեն Դավթյանի բանաստեղծությունները, ինչպես նաև հայ և վրացի պոետների բանաստեղծություններ: Նրանք խոսեցին Սուրեն Դավթյանի պոեզիայից ստացած իրենց տպավորությունների մասին և հարցրեցին նրա ստեղծագործական ուղու մասին:

Տաթև Իրիցյանի խոսքերով, Սուրեն Դավթյանի բանաստեղծություններում կա հոգևոր ուժ և մաքրություն:

Մաջադիա գյուղից ընթերցող Մանվել Սաղաթելյանին շատ էր դուր եկել «Ափսոսում եմ» բանաստեղծությունը:
«Այս բանաստեղծության հիման վրա կարելի է նույնիսկ պոեմ գրել», – ասաց նա և կարդաց այդ բանաստեղծությունը:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Ընթերցողներից մեկը կարդաց իր բանաստեղծությունը և ցանկացավ լսել բանաստեղծի կարծիքը և առաջարկությունը:

Սուրեն Դավթյանն վերջում ինքն էլ կարդաց Ջավախքին նվիրված իր նոր բանաստեղծությունը:
Բանաստեղծն Ախալքալաքում երկրորդ անգամ էր և շատ տպավորված էր հանդիպումից և ընթերցողների կողմից ներկայացված բանաստեղծությունների արտասանումն անվանեց «պոեզիայի հրավառություն»:

«Շատ հաճելի էր ու թափանցիկ, ինչպես Ջավախք աշխարհը: Ես առաջին անգամ լսեցի վրացերենով պոեզիա: Ես տեսնում եմ, որ Ջավախքում անսահման սով կա դեպի գրականությունը, դեպի հոգևորը: Դուք ձգտում եք դեպի լուսը: Սակայն ես տեսնում եմ, որ ձեր գրադարանը շատ աղքատ է, չկա ժամանակակից գրականություն, ինչպես վրացական, այնպես էլ հայկական: Ես շատ տպավորված եմ և այսքան անկեղծություն չէի սպասում », – ասաց Սուրեն Դավթյանը:

Սուրեն Դավթյանը նաև նշեց, որ հանդիպման ընթացքում տպավորությունը փոխվել է:

«Բանաստեղծությունները լսելուց հետո այդ խունացած պատերը պալատներ թվացին: Ես իսկապես սիրեցի ձեր ժողովրդին, Ջավախքից դուրս ապրողները բոլորովին այլ են: Դուք ավելի մաքուր եք: Շնորհակալ եմ, որ Ձեր ժամանակը ինձ տրամադրեցիք և եկաք ինձ հետ հանդիպելու », – ասաց Սուրեն Դավթյանը:

Գյուղական գրադարանների աշխատողները շնորհակալություն հայտնեցին բանաստեղծին հանդիպման համար, նշեցին, որ նման հանդիպումներ իրենց մոտ հիմնականում չեն լինում, և խնդրեցին օգնություն ժամանակակից գրքեր ձեռք բերելու հարցում և հրավիրեցին իրենց հյուընկալել:

Շուշան Շիրինյան