Ջավախքի որոշ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ և հասարակական գործիչներ դիմել են Վրաստանի խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու խնդրանքով:

Դիմումը Խորհրդարանում ընդունել և գրանցել են: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին դիմողները կոչ են անում քննարկման դնել այդ հարցը և ճանաչել Ճայոց ցեղասպանությունը:

Ստորև ներկայացնում ենք դիմումի տեքստը.

«Հիմնվելով միջազգային իրավունքի վրա, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաև 1966 թվականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով,

դիտարկելով ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն,
հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան ընդունելիս ՄԱԿ-ը հատուկ կարևորել է այդ հանցատեսակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը, նկատի ունենալով, որ գնալով աճում է երկրների և ազգային խորհրդարանների թիվը, որոնք ճանաչում են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանությունը;

նկատի ունենալով, որ վերջին տարիներին մեծանում են թուրք մտավորականների, գիտաշխատողների, լրագրողների և իրավապաշտպանների շարքերը, որոնք համարձակ դիրքորոշում են դրսևորում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ;

Գտնում ենք, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915 – 1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ – ի գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9 – ին:

Դիմում ենք Վրաստանի Խորհրդարանին խնդրանքով՝ նախաձեռնել Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված` 20-րդ դարի առաջին Ցեղասպանության փաստի ճանաչաման հարցի քննարկումը։

«Հայոց ցեղասպանությունը, այդ անծայրածիր խենթ ողբերգությունը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Թաքցնել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի» – Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս:

Ապագայում ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է ճանաչել և խստագույնս դատապարտել նախկիում կատարված ցեղասպան հանցագործությունները և մարդկության դեմ կարատված ոճրագործությունները։

Դիմումին կից ներկայացնում ենք այն ստորագրած համախոհների ցուցակը՝

Միխաիլ Կոլիկիդի՝ «Ջավախքի Քաղաքացիական Համաժողով» ՈԿԿ – համանախագահ,
Նաիրի Իրիցյան՝ Ախալքալաքի Ընդհանուր Ժողովի (Սակրեբուլո) նախագահի տեղակալ,
Սեդա Մելքումյան՝ «Քաղաքացիական կրթություն հանուն իրավական պետության» ՈԿԿ – նախագահ,
Անահիտ Ժամկոչյան՝ «Քաղաքացիական զարգացման կենտրոն» ՈԿԿ – նախագահ,
Վահան Բաթոյան՝ «Ախալքալաքի համայնքային միություն» ՈԿԿ- նախագահ,
Արմեն Գրիգորյան՝ «Ախալքալաքի համայնքային միություն» ՈԿԿ – անդամ,
Սամվել Խոդիկյան՝ ԽՈԴՈ ՈԿԿ – նախագահ,
Հովհաննես Սրմիկյան՝ MAYSEK ՈԿԿ – նախագահ,
Ռաֆիկ Աբաջյան ՝ ECOLIFE ՈԿԿ- նախագահ,
Անի Մինասյան՝ JNEWS տեղեկատվական կենտրոնի կառավարիչ,
Աղունիկ Այվազյան՝ JNEWS տեղեկատվական կենտրոնի լրագրող:»