Հուլիսի 20-ին ուժեղ կարկուտից տուժած Ախալքալաքի շրջանի ֆերմերները պետությունից ակընկալում են օգնություն:

Հուլիսի 23-ին առավոտյան Ախալքալաքի քաղաքապետարանի դահլիճում քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, տեղակալներ՝ Շալվա Բալախաձեն և Արմեն Մառանգոզյանը, ինչպես նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի մասնագետ Ռամազ Գոգոլաձեն հանդիպեցին տուժած ֆերմերների հետ:

Խոշոր հողագործ Հովիկ Մուրադյանը, որի դաշտերը տուժել են կարկուտից, խոսեց բոլոր տուժածների անունից և խնդրեց, որ տեղական իշխանությունները կենտրոնական իշխանություններին փոխանցեն իրենց երեք խնդրանքները:

Հովիկ Մուրադյանն ասաց, որ միևնույն է պայքարելու է դաշտերը փրկելու համար, մտադիր է ջրել և խնդրում է, որ պետությունը տուժածներին օգնի դաշտերի ոռոգման հարցում, որպեսզի այն անվճար լինի: Տուժածների երկրորդ խնդրանքն այն է, որ պետությունը անվճար կոմբայններ տրամադրի հացահատիկը հավաքելու համար, որպեսզի կարողանան գոնե անասունների համար հավաքեն գարին ու ցորենը: Իսկ երրորդն այն է, որ նրանք պետությունից միջնորդություն են խնդրում, որպեսզի վարկերի մարման ժամկետները երկարացնեն, քանի որ նրանցից գրեթե բոլորն էլ բանկերում ունեն վարկեր, որով ձեռք են բերել սերմացու, պարարտանյութեր գնելու և այլ ծախսերի համար:

Քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց, որ ինքն արդեն տեղեկացրել է գյուղատնտեսության նախարարությանը և նահանգապետին, և օրերս պատրաստվում է հանդիպել նահանգապետի հետ, և նրանք միասին կմտածեն, ինչպես օգնել գյուղացիներին:

Հետո ելույթ ունեցավ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն: Նա խոսեց ապահովագրության մասին, նրա պայմանների և անհրաժեշտության մասին (60% -ը վճարում է պետությունը, 30% -ը, ֆերմերները): Նա նաև խոսեց այլընտրանքային մշակաբույսերի մշակման մասին, որն անհրաժեշտ է ցանքաշրջանառության համար և կարտոֆիլի ինքնարժեքի իջեցման անհրաժեշտության մասին:

Ռամազ Գոգոլաձեն ասաց, որ նա կարող է օգնել կոմբայնի հարցում և կխնդրի ՍՊԸ «Մեխանիզատորին», որ այդ գյուղերին ժամանակին հացահատիկայինների հավաքման համար կոմբայն տրամադրի:

Յուրիկ Ունանյանը խոստացավ հենց այսօր խոսել ՍՊԸ «Մելիորացիա» -ի տնօրինության հետ և գյուղացիների խնդրանքը՝ վարկերի մարման ժամկետը երկարացնելու մասին, կփոխանցի Գյուղատնտեսության նախարարություն:

Օրվա վերջում ֆերմերները հանդիպեցին Ախալքալաքի ընտրատարածքից խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հետ, ով իր հերթին խոստացավ օգնել ֆերմերներին:

Շուշան Շիրինյան