Զբոսաշրջային ժամանակահատվածի հետ կապված Վրաստանի իշխանությունները ժամանակավոր լիազորագիր չեն պահանջի վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցած ավտոմեքենաներով: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

«Հայաստանի հանրապետության հարգելի քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»,- տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Ավելացնենք, որ դեսպանությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ Վրաստանի սահմանն իրենց վրա չգրանցված տրանսպորտային միջոցով հատող վարորդները պետք է լիազորագիր ներկայացնեն։