Ախալքալաքից Կարինե Նահատակյանը 3-րդ կարգի դիպլոմով է վերադարձել Համահայկական բնագիտական 4-րդ օլիմպիադայից:

Հուլիսի 12-16-ը, Աղվերանում անցկացվեց Համահայկական բնագիտական օլիմպիադա, որը կազմակերպում և իրականացնում է ՀՀ ԿԳ նախարարությունը:

Օլիմպիադային մասնակցեցին նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնների սաները: 6 մասնակիցներից միայն Կարինեն է դիպլոմի արժանացել: Նա առաջին անգամ էր մասնակցում և Ջավախք է վերադարձել դրական տպավորություններով:

«Շատ հետաքրքիր էր ամեն ինչ կազմակերպված: Թե ժամանցը, թե մրցույթը, ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ աշխարհի տաբեր անկյուններից: Ընկերական շրջապատս մի քանի օրվա ընթացքում ահավոր չափի մեծացել է: Խնդիրները բարդ էին, բայց կարողացանք մրցանակային տեղ գրավել, ինձ համար դժվար էր, քանի որ մյուս տեղերից օլիմպիադային մասնակցում էին թեքումով դպրոցների աշակերտները»,- իր տպավորություններով կիսվեց Ախալքալաքի 5-րդ դպրոցի աշակերտ Կարինե Նահատակյանը:

Իսկ այն մասնակիցները, ովքեր մրցանակային տեղեր չեն գրավել, չորս օրերի ընթացքում աչքի են ընկել կազմակերպչական ձիրքով:

Բոլոր մասնակիցները վերադարձել են պատվոգրերով ու հուշանվերներով: 6 մասնակիցներն էլ միաբերան նշում են և խնդրում, որ մյոս տարի ևս մասնակցեն:

Հայաստանում անցկացվող կրթական այս միջոցառումը նպատակ ունի խրախուսել բնագիտական առարկաների իմացությունը արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում: Օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, ինչպես նաև նպաստել տարբեր երկրներում բնակվող աշակերտների միջև համագործակցային ու ընկերական կապերի հաստատմանը:

Վրաստանի Հայ Օգնության միության միավորի նախաձեռնությամբ Ջավախքի երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու երկու տարին մեկ պարբերականությամբ օլիմպիադային: Նշենք որ մասնակիցները նախօրոք նախապատրաստվում են:

Աղունիկ Այվազյան