Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վիրավորական է համարում նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների իրավիճակը, ովքեր առանց պատճառները բացատրելու հեռացան:

Մարգվելաշվիլին այս մասին հայտարարել է Բաթումիում, որտեղ անցկացվում էր Աջարիայի կառավարության ղեկավարի թեկնածության խորհրդակցությունները: Այս պաշտոնում «Վրացական երազանք»-ը նախագահին ներկայացրեց Վրաստանի Էներգետիկայի զարգացման հիմնադրամի տնօրենի Թորնիկե Ռիժվաձեի թեկնածությունը:

Նախագահը նշեց, որ արդեն գրեթե մեկ ամիս է անցել, բայց Կվիրիկաշվիլիի հրաժարականի պատճառները անհասկանալի են հասարակության համար:

«Ինձ համար դեռևս չկա հարցի պատասխանը, թե ինչ փաստարկների պատճառով է հեռացել վարչապետը: Ինչն էր հանդիսացել այդպիսի կարևոր որոշման հիմք: Ես չեմ քննարկում Գիորգիի հետ իմ անձնական հարաբերությունները: Կարևոր չէ, թե ինչ գիտեմ ես: Կարևոր է, որ դուք իմանաք, որ Վրաստանի քաղաքացիները իմանան, թե ինչ սկզբունքով են մեզ մոտ նշանակվում կամ հեռացվում բարձրաստիճան պաշտոնյաները», – ասել է Մարգվելաշվիլին:

Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնին հունիսի 13-ին: Նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2,5 տարի, 2015 թ.-ի դեկտեմբերից: Իր որոշումը Կվիրիկաշվիլին հիմնավորեց իշխող թիմի և կուսակցության առաջնորդի, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ «հիմնարար հարցերի» վերաբերյալ տարաձայնություններով:

«Հեռանալ քաղաքական պաշտոնից, առանց հասարակությանը պատճառը բացատրելու, թե ինչու ես հեռանում… Մի կողմից դա վիրավորական է, մյուս կողմից` հակասում է ժողովրդավարական քաղաքական գործընթացներին», – նշել է Մարգվելաշվիլին:

Գիորգի Կվիրիկաշվիլու հրաժարականից հետո 36-ամյա Մամուկա Բախտաձեն դարձավ վարչապետ: Բախտաձեի առաջին նախաձեռնությունը կառավարական բարեփոխումն էր և Կառավարության անդամների թվաքանակի նվազեցումը մինչ 11-ի:

Այս պահի դրությամբ Վրաստանն ունի ժամանակավոր կառավարություն: Վաղը Վրաստանի խորհրդարանում կանցկացվի քվեարկություն կառավարության և նրա ծրագրի նկատմամբ վստահություն հայտնելու քվեարկության հարցի վերաբերյալ: Այսօր նախարարների թեկնածուները ելույթ են ունենում պատգամավորների առջև և խոսում ապագա ծրագրերի վերաբերյալ: