Չորս ամսվա ընթացքում Ախալքալաքի Ազատության փողոցից շուրջ 50 վագոն-տնակ է հեռացվել, գործընթացը շարունական է լինելու այնքան ժամանակ մինչև քաղաքն ամբողջությամբ չմաքրվի վագոն-տնակներից:

Առաջիկայում նախատեսվում է ևս 5-6 վագոն-տնակների հեռացում: Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով սկզբից կենտրոնական փողոցից կհեռացվեն, այնուհետև՝ մյուսներից:

«Այս պրոցեսը կշարունակվի այնքան մինչև որ քաղաքն ամբողջությամբ չմաքրվի վագոններից: Սեփականատերերին տեղեկացնում ենք, եթե իրենք իրենց միջոցներով չեն կարողանում հեռացնել, ապա քաղաքապետարանն է այդ պարտականությունն իրականացնում»,- ասաց քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Կենտրոնական փողոցը վագոն-տնակներից մաքրելուց հետո հերթը կհասնի նաև մյուս փողոցներին: Իսկ նպատակը մեկն է Ախալքալաքը դարձնել ավելի հարմարավետ, գեղեցիկ ու բարեկարգ:

Հիշեցնենք, որ այս գործընթացն Ախալքալաքում սկսվել է ապրիլ ամսից:

Աղունիկ Այվազյան