Ախալքալաքի շրջանի Օրջա և Մեծ Սամսար գյուղերում աղվեսները նկատելիորեն շատացել են: Աղվեսները ոչ միայն հոշոտում են ընտանի կենդանիներին, այլև բնակություն են հաստատել Սամսարի տների կտուրներում:

Օրջա գյուղում հարս ու սկեսուր հերթափոխով պահակություն են անում, որպեսզի աղվեսը հավերը չտանի:

«Մինչև կեսօր ես եմ կանգնում պահակ, կեսօրից հետո հարսս, ինչ անենք, պետք է մի բան անենք, 5 հավ տարել է։ Մի օր էլ թուխսս ճուտիկների հետ դրսում էր, ուզում էր տանել, վազեցի հասա, բայց մի ճուտը սատկել էր արդեն։ Բղավում եմ, որպեսզի վախենա, փախնի, սակայն նստում է ու ուշադիր նայում երեսիս, չի վախենում», – ասաց Օրջա գյուղի բնակիչ Գայանե Քուրդողլյանը։

Գյուղացիները, եթե հյուր են գնում հավաբնից դուրս չեն թողնում հավերին, որպեսզի անհանգիստ չլինեն։

«Հավաբնից դուրս չենք թողնում հավերին, ինչն էլ ազդում է նրանց ձու ածելուն, չգիտենք ինչ անենք», – ասաց գյուղի մեկ այլ բնակիչ։

Մեծ Սամսար գյուղում աղվեսներն ազատ շրջում են, իսկ բնակիչները անելանելիությունից կատակում են, որ իրենց հավասար գյուղի բնակիչ են դարձել:

«Մեզ հետ հավասար գյուղում հանգիստ, առանց վախենալու ապրում են: Հաստատվել են փակ տների տանիքներում, հաճախ գիշերը մտնում են անասնագոմ և 15-20 հատով հավ են տանում, չգիտենք ինչ անենք: Արգելված է կրակել, չնայած չենք էլ կարող կրակել, այնքան զգույշ են, միանգամից զգում են վտանգը»,- ասաց Մեծ Սամսար գյուղի բնակիչներից մեկը:

Օրջա և Սամսար գյուղերի բնակիչները հայտնվել են երկընտրանքի առջև՝ հավ պահեն, թե՝ չէ:

Բնակիչները ձվով փոխանակում են կատարում, մի մասի համար հավը ապրուստի միջոց է, առևտուր են անում, տնտեսական տարբեր ապրանքներ են գնում, հիմա նրանք անելանելի վիճակում են գտնվում։

«Մեր միջոցներով չենք կարող ոչնչացնել աղվեսներին, արդեն բազմացել են, սկզբում երկուսն էին, հիմա արդեն շատ են, ինչ անենք չգիտենք», – ասաց Անահիտը Օրջա գյուղից։

Վրաստանի օրենսդրության “Կենդանական աշխարհի մասին” 28-րդ հոդվածի (որսորդություն) համաձայն, յուրաքանչյուր վայրի կենդանու կրակել կարելի է միայն համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, առանձին որսորդության համար հատկացված վայրերում։ Արգելված է նաև կենդանիներին սպանելու նպատակով տանջել նրանց հատուկ նյութերով։ Չի կարելի կենդանիներին կրակել նաև բազմացման շրջանում։

Գյուղաբնակներն այլ ելք չունեն, նրանք ստիպված են հույսով սպասել, որ մի օր աղվեսներն իրենց կամքով կհեռանան և վնաս չեն պատճառի ընտանի կենդանիներին։

Գայանե Ակոջյան