Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի տներից մեկում գործում է կարի արհեստանոց-գործարան, որը հիմնել է Նաթելա Թանգամյանը։ Գործարանը ստանում է պատվերներ նույնիսկ արտասահմանից, այստեղ մասնագետների պահանջ կա:

Արդեն 3 տարի է գյուղում գործում է կարի արհեստանոց, այն փոքր ձեռնարկություն է և 3 համագյուղացիների համար նաև աշխատանքի վայր։ Արհեստանոցի հիմնման գաղափարը խրախուսվել և իրականացվել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի «Թրփանջյան» հիմնադրամի գյուղական համայնքների զարգացման ծրագրով։ Բիզնեսը հիմնվել էր այդ հիմնադրամի միջոցներով, սակայն տարիների ընթացքում Նաթելա Թանգամյանը վերադարձնում է միջոցները հիմնադրամին:

kar

«Երբ եկան մեզ թրեյնինգներ արեցին բիզնես ծրագիր գրելու վերաբերյալ, որոշեցի գրել այնպիսի ծրագիր, որը կլիներ ինձ համար սիրելի գործով զբաղվելու հնարավորություն։ Այդպես էլ եղավ, մեր ծրագիրն հաջողություն ունեցավ և մինչև այսօր աշխատում ենք, նույնիսկ ուզում ենք ավելացնել աշխատատեղերը», – ասում է արհեստանոցի հիմնադիր Նաթելա Թանգամյանը։

kar 2

Արհեստանոցում աշխատակիցների տեղ ունեն, սակայն մասնագետներ չեն գտնում։ Պատվերների պակաս չեն զգում։ Պատվերներ ստանում են ինչպես անհատներից, այնպես էլ պարի խմբերից, դպրոցականներից։ Երբ մենք այցելեցինք արհեստանոց զգեստներ էին կարում Ռուսաստանի հայկական պարային խմբերից մեկի համար։ Երբեմն նաև նվերներ են անում։

kar tel

Հնարավորության դեպքում ցանկանում են կարի այլ մեքենաներ գնել և աշխատանքն ավելի ընդլայնել։ Այս արհեստանոցի աշխատակիցները վստահ են, որ գյուղում ևս հնարավոր է զբաղվել սիրած գործով և գումար վաստակել։

Սոնա Տոնականյան