Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում ջրամատակարարման ուղղությամբ կատարված աշխատանքները զգալի արդյունք չեն տվել։ Այսօր Կարծախում մտածում են այլընտրանքային ջրագծի մասին:

Գյուղի կենտրոնում տեղադրված է ջրի տարա, որպեսզի գյուղի կենտրոնում հավաքվածները օգտվեն։
jur kentron

Այս պահին գյուղում ամենամեծ խնդիրը եկեղեցու փողոցն ունի, քանի որ այդտեղ ջուր ընդհանրապես չի հասնում։ Նրանք գյուղի աղբյուրից ջուր են տանում մեքենաների և ավանակների օգնությամբ, իսկ մարդիկ, ովքեր չունեն ոչ մի փոխադրամիջոց, ստիպված դույլերով են ջուրը կրում։

Jnews.ge-ին բազմիցս անդրադարձել է Կարծախ գյուղի հիմնախնդրին։

Վրաստանի պահպանվող տարածքների Գործակալության կողմից անցկացվել էր ջրամատակարարման համակարգի բարեկարգման նախագիծ, որը պետք է ապահովեր Կարծախի բնակիչներին ջրով, բայց մինչև հիմա գյուղում ամբողջ հույսը բնակիչների կողմից փորված ջրհորներն ու գյուղի աղբյուրն է։

jur jrhor

Վրաստանի պահպանվող տարածքների Գործակալության կողմից պատրաստված ջրամբարը ունեցել է երկու պոմպ, սակայն հիմա մի պոմպը չի աշխատում, իսկ մյուսից օգտվելու համար գյուղացիները էլեկտրաէներգիայի փող են վճարում։

«Երկու պոմպ կա ջրամբարում, սակայն մեկը չի աշխատում, իսկ աշխատողն էլ ձմռանը սառում է, մարդիկ ձմռան կեսին սկսում են պոմպ հալեցնել։ Գարնանը աշխատում է, գյուղի մոտավոր 3%-ը օգտվում է այդ ջրից», – ասաց Կարծախ գյուղի պատգամավոր Վարդան Աբոյանը։

Երբ նոր են նախատեսել Կարծախի ջրամատակարարման ծրագիրը 280 000 լարի է եղել տենդերով, որպեսզի մոտակայքում գտնվող սարից ջուրը հասցնեն գյուղ, սակայն որոշումը փոփոխման է ենթարկվել և Վրաստանի պահպանվող տարածքների Գործակալության կողմից նախատեսված ծրագիրն է իրականացվել, որն էլ մինչև հիմա նորմալ ջուր չի մատակարարում գյուղին։

Կարծախցիների խոսքով, ջրամբարի ջուրը մարդիկ օգտագործում են ոչ թե խմելու, այլ առօրյայում օգտագործման համար, քանի որ ջուրը ջրամբար է հասնում ճահճից։

Վրաստանի պահպանվող տարածքների Գործակալության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Թամազ Կարապետյանն ասաց, որ ջրամբարը արդեն երկար ժամանակ է, որ հանձնել են մունիցիպալիտետին, և գործը ընդունված է։

«Մի պոմպը լցվել է, չի աշխատում։ Ըստ օրենքի, երբ նոր ջուրը պետք էր տանել գյուղ, փորեցին, չգիտեմ 70-100 մ է մոտավորապես։ Առանց էքսպերտիզայի իրավունք չունեին շարունակել աշխատանքները, ես չեմ կարծում, որ կարող էր ջրի պարունակությունը փոխվեր», – ասաց Թամազ Կարապետյանը։

Գյուղի բնակիչների խոսքերով ավելի հեշտ կլիներ հենց գյուղի սարի տակից ջուրը գյուղ հասցնել, երկաթգծի կայարանի մոտից, որտեղից 4 կմ է հեռավորությունը մինչև գյուղ։

«Նրանք կարող էին նաև ջուրը գյուղին հասցնել գյուղի աղբյուրից, ավելի հեշտ կլիներ, բայց նրանք ընտրեցին ավելի բարդ ուղի և հիմա էլ արդյունքն էլ այն է, որ գյուղը ջուր չունի», – ասացին գյուղի բնակիչները։

Շրջանային ժողովի պատգամավոր Վարդան Աբոյանը արդեն խնդրի մասին տեղեկացրել է մունիցիպալիտետին, այնտեղ նրան խոստացել են կամ այս տարի, կամ մյուս տարի լուծում տալ այդ խնդրին։

«Սարի տակից, երկաթգծի մոտից պետք է գյուղին ջուր մունիցիպալիտետը հասցնի, ես նրանց հետ խոսել եմ, նրանք համաձայն են։ Անձրևները դադարեն նրանք պետք է գան և ստուգում անցկացնեն, հետո տենդեր կներկայացվի և եթե այս տարի հասցնեն, կանեն, եթե ոչ ապա մյուս տարի անպայման», – ասաց Վարդան Աբոյանը։

Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի խոսքերով արդեն գյուղապետին լիազորել են, որպեսզի նոր ակ գտնի։

«Գյուղապետին հանձնարարել ենք գտնել նոր ակ, ինքնահոս ջուր, որպեսզի գյուղին ջուր հասցվի։ Հիմա եղանակային պայմանների պատճառով հնարավոր չէ նայել», – ասաց Ալբերտ Նահատակյանը։

Ըստ Նահատակյանի, այս տարի քիչ հավանական է, որ կիրականացվի, սակայն մյուս տարի նախագիծը կներկայացնեն ֆինանսավորման։

jrhor

Գայանե Ակոջյան