Նինոծմինդայի Աղմաշենեբելի և Էրզրումյան փողոցների խաչմերուկում վթարվել է խմելու ջրատարը: Արդեն 4 օր է ջուրը հոսում է փողոցներով:

Էրզրումյան փողոցի բնակիչներն ասում են, որ ջրատարը 4 օր առաջ է ծակել և մինչև հիմա ոչ մի աշխատանք չի տարվել վթարը վերացնելու ուղղությամբ:

Նինոծմինդայի բնակչությունը բողոքում է, որ խմելու ջուրը չի հերիքում, այնինչ ջուրը փողոցներով է հոսում:

Մինչ ջրատարի վթարը վերացնելը փողոցների բնակիչներն իրենք են միջոցներ ձեռնարկել: «Փողոցում մեծ ջրափոսեր են հայտնվել, ամենուր ջուր է ու չամուռ, անհնար է երեխաներին դպրոց տանել: Առանց այն էլ նորմալ ճանապարհ չէր: Հիմա ջուրն էլ ավելի քանդեց ճանապարհը: Մենք ինքներս փոքրիկ ջրանցք ենք բացել, որ ջուրը հոսի», – ասում է Էրզրումյան փողոցի բնակիչը:

Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Նինոծմինդայի բաժնի ղեկավար Արզրուն Գորոյանն ասում է, որ վթարի վերացման աշխատանքները կավարտվեն վաղը:

Բորիս Ղարսլյան