Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի և Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեի հետ ժամանեց Ախալքալաքի Մշակույթի տուն:

Առավոտից Մշակույթի տան մոտ հավաքված հազարավոր մարդիկ սպասում էին Նիկոլ Փաշինյանին պատվիրակությանը: Բոլորը տոնական տրամադրություն ունեին, քանի դեռ հորդառատ անձրևը չէր տեղացել: Մի քանիսը հեռացան հրապարակից, բայց շատերը մնացին, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների ժամանելու պահին, ավելի շատ մարդիկ հավաքվեցին:

«Անձրև կլինի թե ոչ, մենք “դուխով” սպասում ենք վարչապետին», – ասում է Լենա Մղդեսյանը, ով կանգնած է անձրևանոցի տակ (մինչ հյուրերի ժամանելը):

Վարչապետը կոլեգաների հետ անցավ Սուրբ Խաչ եկեղեցուց մինչև Մշակույթի տուն նախապես պատրաստված միջանցքով:

Այս պահին Մշակույթի տանն ընթանում է բարձրաստիճան հյուրերի ելույթները: Իսկ հանդիսատեսը դիտում է ելույթները շենքի մոտ տեղադրված մեծ էկրանով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ախալքալաք կատարած այցը սկսվեց Ախալքալաքի և Կումուրդոյի մետրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլիի հետ լրատվամիջոցների համար փակ հանդիպումով: Այնուհետև վարչապետը այցելեց Սուրբ Խաչ եկեղեցի և վառեց մոմեր: