Վրաստանում երեկվանից սկսվել են ավարտական քննությունները։ Ինչ արդյունքներով են անցնում դրանք Ախալքալաքում։

Ջավախքի դպրոցներում յուրօրինակ խառնաշփոթ և հուզմունք է տիրում։ Աշակերտները սրտի թրթիռով են սպասում իրենց հերթին։ Անհանգստությունն ու հուզմունքը տիրում է թե քննության սկզբում և թե հանձնելուց հետո։

Ախալքալաքի շրջանի N3, վրացական հանրային դպրոցում քննությունները հաջող են հանձնել։ Երեկ վրացերենն, իսկ այսօր անգլերենն են հանձնել։

Քննասենյակից աշակերտները հուզված դուրս են գալիս և գրկախառնվում իրենց անհամբեր սպասող ուսուցիչներին։
Անգլերենի ուսուցչուհի Լեյլա Ավակյանը գոհունակություն է հայտնում։

«Փառք Աստծո, ոչ վրացերենից են կտրվել, ոչ էլ օտար լեզվից, անգլերեն են հանձնում, ով հանձնել է անցել է, իսկ մյուսներին սպասում ենք»- ասաց նա։

Անգլերենի քննությունը լավ հանձնած աշակերտուհին պատմում է պահի զգացմունքների մասին։

«Սկզբից շատ էի անհանգստանում, բայց հետո, երբ մտա ներս, սկսեցի լուծել թեստը, տեսա, որ շատ հեշտ էր, անգլերեն հանձնեցի ու թեստի հարցերը իմ գիտելիքներին համապատասխան էին», – ասաց N3 դպրոցի աշակերտներից մեկը։

Քննությունները ոչ պակաս հաջող են հանձնել N1 դպրոցի աշակերտները։ Դպրոցի 24 շրջանավարտներից 3-ը չեն կարողացել հանձնել վրացերենի թեստը, իսկ օտար լեզվի՝ ռուսերենի քննությունը չեն հաղթահարել 2 աշակերտ։

«Հիմնականում լավ չեն հանձնում այն աշակերտները, ովքեր ընթացքում լավ չեն սովորել», – կես կատակ կես լուրջ ասաց N1 դպրոցի աշակերտը։

Ախալքալաքի N4 և N5 դպրոցի սաները, նրանց իսկ խոսքերով, գերազանց են հանձնել քննությունները, և վրացերենից և ռուսերենից ոչ մեկ չի կտրվել։

«Լավ հանձնեցինք քննությունները, սակայն հսկիչը շատ խիստ էր, անգամ կողքի նայելու չեր թողնում, մի պահ կողքի էի նայում, եկավ և գլուխս թեքեց», – ասաց այսօրվա քննությունից գոհ աշակերտուհին։

Ըստ աշակերտների, հարցերը շատ երկար է եղել և շատ ժամանակ է պահանջվել կարդալու համար։ Կան մարդիկ ովքեր դժվարությամբ, սակայն հանձնել են։

N2 հանրային դպրոցում անգլերենի քննությունը չեն կարողացել հանձնել 2, իսկ վրացերենի՝ 10 աշակերտ։

Գայանե Ակոջյան