Այսօր Ախալքալաքում տեղի ունեցավ Ասմունքի փառատոն, որն առաջին անգամ էր կազմակերպվում Մշակույթի տանը։

asmunq masnakic

Փառատոնին մասնակցում էին Ախալքալաքից և գյուղերից փոքրիկներ ու պատանիներ՝ առանց տարիքային սահմանափակման։ Յուրաքանչյուրը ներկայացնում էր մի բանաստեղծություն, ըստ այդմ էլ արժանանում գնահատականի։ Ժյուրիի գնահատականը այս փուլի համար, հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տալն էր։

Ժյուրիի կազմում էին մշակույթի ոլորտից ներկայացուցիչ մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրը գնահատելու էին մասնակցի խոսքը, տաղանդն ու բեմական կեցվածքը։ Կազմակերպիչների խոսքով յուրաքանչյուր ոք կարող էր իր կարծիքն հայտնել տվյալ մասնակցի վերաբերյալ, քանի որ այդպես ավելի արդարացի կլինի։

asmunq jyuri

Այսօր գրանցվել էին մոտ 80 մասնակից։ Հեղինակի կամ բանաստեղծության ընտրությունն ազատ էր, յուրաքանչյուրն արտասանում էր իր նախընտրած ոտանավորը։ Մասնակիցները բեմից հնչեցրին հայերեն և վրացերեն խոսք, սակայն միայն կեսին հաջողվեց անցնել հաջորդ փուլ, որտեղ էլ կորոշվեն հաղթողները և կպարգևատրվեն։ Հաջորդ փուլ անցած յուրաքանչյուր պատանի կստանա մասնակցության վկայական։

asmunq masnakic 2

«Գարուն է, տաք է արդեն և կարող ենք տարբեր միջոցառումներ անել։ Առաջին անգամ ենք անցկացնում նման փառատոն, հույս ունենք շարունակական կլինի։ Տեսնում եմ երեխաները շատ ոգևորված են, անկեղծ ասած մտածում էի բեմ են բարձրանալու հուզվեն ու դողան, սակայն հետևում եմ նրանց արտասանություններին և տեսնում, թե ինչքան վստահ են»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը։

asmunq handisates

Ժյուրիի անդամներից Արշակ Մինասյանն ասում է, որ այս և նման փառատոնները միջոց են ինչ-որ ձևով բացահայտելու մեր տաղանդավոր երեխաներին հետագայում նրանց որոշակի ուղղություն տալու համար։

«Շատ տաղանդավոր երեխաներ ունենք, որոնք արտահայտվելու հարթակ չունեն, այսօր թե հաջող համարներ կան, թե մի քիչ թույլ։ Հաշվի ենք առնում, որ առաջին անգամ են բեմում», – ասում է ժյուրիի անդամը։

asmunq 1

Սոնա Տոնականյան