Մայիսի 12-ին Երիտասարդական կենտրոնում կայացավ «Մեկ ազգ, մեկ բռունցք» ինտելեկտուալ խաղ-մրցույթի երկրորդ և եզրափակիչ փուլերը։ Արդյունքում հաղթող ճանաչվեց «Աբուլ» թիմը:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթի բացումն ազդարարվեց Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի բակում թիմերի միասնական շուրջպարով և ՀՀ օրհներգով։

«Մեկ ազգ, մեկ բռունցք» խորագիրը կրող մրցույթի երկրորդ փուլին մասնակցում էր 3 թիմ․ Վիրահայոց թեմի “Հայարտուն” կենտրոնը ներկայացնող «Տփղիս», Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի «Կարին» և Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղի թիվ 1 հանրային դպրոցի «Կիլիկիա»։

Երկրորդ փուլում հաղթեց «Տփղիս» թիմը և անցավ եզրափակիչ։ Իսկ եզրափակչում իրենց ուժերը փորձեցին առավելագույն միավորներ հավաքած «Աբուլ», «Տփղիս» և «Էրզրում» թիմերը։ Թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց «Աբուլ» թիմը՝ զբաղեցնելով առաջին պատվավոր տեղը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին՝ «Տփղիս» և «Էրզրում» թիմերը:

«Մրցույթի անցկացման նպատակը ապագա սերունդի հայրենանվեր դաստիարակությունն էր, ինչը համարում ենք ստացված։ Մասնակիցները մրցույթի շրջանակներում յուրացրեցին Հայաստանի Առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա պատմության և գրականության ակնառու էջերը, ինչպես նաև սովորեցին վերոհիշյալ թեմայի վերաբերյալ երգեր ու պարեր»,- այս մասին կարդում ենք Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի տարածած տեղեկատվության մեջ:

«Մեկ ազգ, մեկ բռունցք» ինտելեկտուալ խաղ-մրցույթի առաջին փուլի մասին կարող եք կարդալ այստեղ: