Թբիլիսիի Դիդուբե թաղամասում բնակելի շենքի բնակիչներից մեկը մահացել է հրդեհի պատճառով, ևս երեքը տուժել են, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Հրդեհը բռնկվել է գիշերը` Ռաժդենա Գվետաձե փողոցի հինգ հարկանի շենքի առաջին հարկում:

Բնակարանում, որտեղ սկսվել է հրդեհը չորս մարդ է եղել, նրանցից մեկը` 65 տարեկան էր: Նա հիվանդ էր և չէր կարողացել հեռանալ շինությունից:

Տուժածներից թվում էր մի մանկահասակ երեխա, ով հոսպիտալացվել էր Թբիլիսիի Իաշվիլիի մանկական կենտրոնական հիվանդանոց: Մյուս երկու տուժածները՝ տղամարդ և կին են, որոնց տեղափոխել են Թբիլիսիի համալսարանական հիվանդանոցի Այրվածքային կենտրոն: Կնոջ վիճակը բժիշկների կողմից գնահատվում է որպես ծանր:

Գվետաձեի փողոցում կրակն ամբողջությամբ հանգցվել է առավոտյան կողմ: Դեպքի վայրում աշխատում էին հրշեջ-փրկարարների տասը խումբ: Քանի որ տան շքամուտքում ուժեղ ծուխ էր առաջացել, բնակիչներից ոմանք տարհանվել են:

Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով, տարածքի 60-70 քառակուսի մետրը ոչնչացվել է հրդեհից: Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետներ: Հրդեհը սկսվելու ճշգրիտ պատճառը կհաստատվի հետաքննության արդյունքում: