Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին որպես բողոքի նշան հեռացավ խորհրդարանի նիստից: Սա նախորդեց նախագահի և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի միջև տեղի ունեցած վեճին,- հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Նախագահը պահանջել է, որ նրան հնարավորություն տան պատասխանել խորհրդարանի ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորների քննադատությանը, ովքեր գնահատում էին նախագահի տարեկան հաշվետվությունը:
Խորհրդարանում բանավեճերը սկսվեցին այն բանից հետո, երբ Մարգվելաշվիլին ավարտեց իր վերջին տարեկան ելույթը պատգամավորների առջև:

«Համապատասխան միջոցներ ձեռնարկեք, հակառակ դեպքում ես չեմ մասնակցի այս նիստին, որը ինձ հնարավորություն չի տալիս պատգամավորների հետ բանավեճի մեջ մտնել», – ասաց Մարգվելաշվիլին:

Միևնույն ժամանակ, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կանոնակարգի համաձայն, նախագահը կարող է բոլոր հարցերին պատասխանել միայն իր եզրափակիչ ելույթում: Դրանից հետո Գիորգի Մարգվելաշվիլին դուրս է եկել նիստերի դահլիճից:

Նախագահի այսօրվա զեկույցը բավականին կտրուկ քննադատության ենթարկվեց իշխող թիմի և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների կողմից: Նրանք մեղադրեցին նրան «պոպուլիզմի» մեջ և «թիմին դավաճանության մեջ», հիշեցնելով, որ նախագահական ընտրություններում Գիորգի Մարգվելաշվիլին առաջադրվել է հենց «Վրացական երազանքի» կողմից:

Իր զեկույցում Մարգվելաշվիլին անդրադարձել է տարբեր թեմաների, այդ թվում նաև խոսել է այն տրամադրվածության մասին, որը եղել է «Վրացական երազանքի» կառավարման սկզբում ու այսօրվա վիճակի մասին:

«Իմ այսօրվա ելույթը խորհրդարանում հինգերորդն է, ինչը, բնականաբար, ամփոփում է այդ ժամանակաշրջանի արդյունքները: Բնականաբար, այս գործընթացը չի կարող ամբողջական լինել, եթե մենք չանրադառնանք 2012թ.-ին և այն ժամանակ կատարված փոփոխություններին:

Այսօր Վրաստանի խորհրդարանում չկան այն մարդիկ, ովքեր այս պրոցեսի կերտողներն էին, սակայն ողջ վրացական հասարակությունը հիշում է այդ ժամանակվա նվաճումը, քանի որ դա Վրաստանի համար մի քայլ էր դեպի առաջ», – ասաց երկրի ղեկավարը խորհրդարանի ամբիոնից: