Հայաստանի հանրապետության ամբողջ տարածքում առավոտից քաղաքացիական անհնազանդության գործողություններ են իրականացվում: Երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում կայացած բաց քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար:

Մայիսի 2-ին, վաղ առավոտից Հայաստանում նոր թափով վերսկսվել են բողոքի ակցիաներն ընդդեմ իշխանությունների: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց արգելափակելով երթևեկությունը երկրի տարբեր քաղաքներում:

Երևանում ու հանրապետության տարբեր համայնքներում, միջպետական, միջհամայնքային նշանակության շատ ճանապարհներ փակ են, երթևեկությունը կաթվածահար վիճակում է:

Հակաիշխանական բողոքի ակցիային միացել են տարբեր կառույցների, կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, Փաստաբանների պալատի մի քանի անդամներ:

Հակակառավարական շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին չխոչընդոտել ԱԻՆ, շտապ օգնության և ՊՆ մեքենաների տեղաշարժը: Փաշինյանը նաև հայտարարել է, որ պետք չէ փակել դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհները:

Նշենք, որ երեկ ընդդիմությունը հայտարարեց տոտալ գործադուլի ու դասադուլի մասին ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։

Այսօր, մայիսի 2-ին Ազգային ժողովի նախատեսված հերթական քառօրյա նիստը հավանաբար չի կայանա, քանի որ քվորում չի ապահովվել։ Նիստին գրանցվել էր 29 պատգամավոր:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ իրենք քաղաքական բոյկոտ են հայտարարում և քառօրյա նիստերի աշխատանքներին չեն մասնակցելու:

Հարկ է նշել, եթե 4 ժամվա ընթացքում քվորում չլինի, նիստը կհամարվի չկայացած:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի