Ախալքալաքի շրջանի վարչության բոլոր ծառայություններում, բացի սոցիալական և զինվորական բաժիններից հաստիքներ են ավելացվել: Մասնագետների հաստիքներ են ավելացել նաև շրջանի որոշ գյուղերում: Ներկա դրությամբ բացվել է 34 նոր հաստիք, ևս 15-20 աշխատատեղ ակնկալվում է բացել:

Ախալքալաքի Վարչությունում գործում է 9 ծառայություն: Դրանք են՝ վարչական, իրավաբանական, տնտեսական, գնումների, ենթակառույցների և ճարտարապետական, մշակութային, ֆինանսական, սոցիալական և զինվորական:

Ընդհանուր առմամբ 19 հաստիքներ ավելացվել են հետևյալ ծառայություններում. 3 նոր հաստիք ավելացվել է վարչությունում, 2-ը` իրավաբանական, 2-ը` տնտեսական, 2-ը` գնումների բաժնում, ենթակառույցների և ճարտարապետական բաժնում ավելացվել է 6 հաստիք, 3 հաստիք ավելացվել է մշակութային և 1 հաստիք՝ ֆինանսական բաժնում:

Սոցիալական բաժինը մինչ այսօր մտնում էր վարչության ծառայության մեջ: Սակայն երբ ԱԻՆ մտավ Ներքին գործերի նախարարության կազմի մեջ, սոցիալական բաժինը դարձավ առանձին, լիիրավ Վարչության ծառայություն:

«Տեղական Ինքնակառավարման մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, որտեղ նշված է, որ 450 ընտրողին տեղական ինքնակառավարման մարմիններում հասնում է 1 հաստիք, Ախալքալաքի Վարչությունում ավելացվեցին նոր հաստիքներ: Մինչ այդ 1 հաստիք հասնում էր 500 ընտրողին:

Վարչության ծառայության պետ՝ Ստեփան Եզոյանի խոսքերով, իրենց Շրջանային Ժողովի հետ միասին թույլատրվում է ունենալ 188 հաստիք, իսկ ներկա դրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատում են շուրջ 150 աշխատակից, նրանցից յոթը աշխատում են Շրջանային Ժողովում, մնացածները՝ վարչությունում:
«30 հաստիք հատկացնում է պետությունը: Նրանք բոլոր վարչություններին էլ այդքան տրամադրում են: 15 մասնագետներ արդեն գյուղերում ընդունել ենք, ևս 15-ից 20 մասնագետ նորից պատրաստվում ենք գյուղերում ընդունել»,- ասաց Ստեփան Եզոյանը:

Վարչության ծառայության աշխատակիցների աշխատավարձը կազմում է 520 լարի, իսկ գյուղի մասնագետների աշխատավարձը՝ 560 լարի:

Ըստ Ստեփան Եզոյանի, նոր աշխատակիցներին աշխատավարձ տրվում է անցյալ տարվա խնայողությունների հաշվին:
«Աշխատավարձերի գումարը մեր անցյալ տարվա խնայողությունն է: Հնարավոր է հաջորդ տարի մենք փող չգտնենք և նորից այդ հաստիքները կրճատվեն»,- ասաց Ստեփան Եզոյանը:

Նոր հաստիքների բոլոր աշխատակիցները ժամանակավոր են ընդունված: Նրանք, պաշտոններում հաստատվելու համար հունիսին քննություն են հանձնելու: Քննություն անցկացնող կազմակերպությունները էլեկտրոնային թեստավորումը անցկացնում են ապրիլ և հունիս ամիսներին, բայց քանի որ Վարչությունը մինչ այդ չի հասցնի բոլոր հաստիքները լրացնել, ամենայն հավանականությամբ Ախալքալաքի Վարչության աշխատակիցները քննություն կհանձնեն հունիս ամսին:

2014 թ. վերջին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների թեստավորումից հետո աշխատանքի են ընդունվել միայն երկու նոր աշխատող, իսկ 33 Վարչության աշխատակից չեն կարողացել հանձնել քննությունները: Բայց, քանի որ նրանց տեղերին հավակնողներ չեն եղել, ուստի նրանք դեռ աշխատում են, և քննությունները կհանձնեն այս տարվա հունիս ամսին, նոր ընդունված աշխատակիցների հետ:

Շուշան Շիրինյան